ԱԳՆ. Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ հանձնառությունը` չիրազեկելով զորավարժությունների անցկացման մասին
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./ԱՌԿԱ/. Ադրբեջանը կրկին խախտել է ԵԱՀԿ–ի հանձնառությունը` չիրազեկելով զորավարժությունների անցկացման մասին, երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
Նա նշեց, որ լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնելու մասին իրազեկումը ԵԱՀԿ–ի պահանջն է, հակառակ դեպքում դա համարվում է ԵԱՀԿ հանձնառությունների խախտում և չի նպաստում տարածաշրջանում խաղաղությանն ու վստահության մթնոլորտի ձևավորմանը։
Նրա խոսքով, այս հարցը բարձրացվելու է ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի կողմից։
«Այս ամենում մի բան կցանկանայի ընդգծել, որ մենք վստահ ենք մեր ուժերի վրա։ Մենք նախևառաջ ապավինում ենք մեր ուժերին, և այդ վստահությունն է մեզ թույլ տալիս ոչ միայն պահպանելու խաղաղությունը, այլ նաև հանդես գալու խաղաղության դիրքերից», – նշեց Աննա Նաղդալյանը։–0–