ԱՀ ՊՆ. Ադրբեջանի ԶՈւ–ն դիպուկահարներց կրակել է զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./ԱՌԿԱ/. Ադրբեջանական զինուժը բոլորովին վերջերս «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից կրակ է վարել ՊԲ արևելյան (Ակնա) հատվածում տեղակայված զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսևորվում են ինչպես ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով:
Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակային խոցման թիրախ է ընտրում ոչ միայն ՊԲ առաջնային դիրքերը, այլև մարտական հերթապահություն իրականացնող հայկական անձնակազմի թիկունքային ապահովման շարժական օբյեկտները:
«Մասնավորապես՝ ադրբեջանական զինուժը բոլորովին վերջերս «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից կրակ է վարել ՊԲ արևելյան (Ակնա) հատվածում տեղակայված զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը, իսկ միայն մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը բանակի հյուսիս-արևելյան (Մատաղիսի) հատվածում գտնվող մարտական դիրքերի ուղղությամբ խոշոր տրամաչափի դիպուկահար զինատեսակներից, գնդացիրներից ու ինքնաձիգերից արձակել է շուրջ 330 կրակոց», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ուշադրությունն է հրավիրում վերոնշյալ փաստի վերաբերյալ՝ միաժամանակ կոչ անելով ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունը արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից», – նշում են ԱՀ ՊՆ–ից:–0–