ՀՀ պաշտպանության նախարարը զգուշացնում է, որ Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր խորը զինվորական գիտելիքներով, երևի թե, խառնել է մարտական գործողությունների ընդլայնման գոտին, որը ներառում է ՀՀ-ն, մասնավորապես՝ արդեն իսկ Վարդենիսի շրջանի բնակավայրերը հրետակոծվել են, օգտագործվելով ծանր հրետանին և ԱԹՍ-ները։ Այս մասին «Զինուժ»-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում Ադրբեջանի պաշտպանության նախարարի արած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի գործողությունների պատճառով ընդլայնվելու է մարտական գործողությունների գոտին։
«Եվ եթե դա նրա համար դեռևս մարտական գոտու ընդլայնում չէ, թող մասնագետները եզրակացություններն անեն»,- ասաց Տոնոյանը։
Ի պատասխան քիչ առաջ Ադրբեջանի ՊՆ-ի հնչեցրած մեղադրանքին, որ, իբր, Հայաստանի տարածքից իրականացվել են ադրբեջանական բնակավայրերի հրթիռակոծումներ, նախարարը հայտնեց, որ ՀՀ տարածքից Ադրբեջանի տարածք որևէ հեռահար հրետակոծություն կամ հրթիռների օգտագործում դեռևս չի իրականացվել։
«Եվ եթե Ադրբեջանի զինված ուժերի կամ ռազմաքաղաքական ղեկավաության համար Ստեփանակերտը, Մարտունին, Հադրութը, Մարտակերտը և այլ բնակավայրերը մարտական գործողությունների անցկացման թույլատրելի վայր է, մեր ՊԲ-ի՝ Արցախի զինված ուժերի արհեստավարժ, հմուտ ստորաբաժանումները շատ կտրուկ պատասխանում են, և Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը։-0-