Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի երկրորդ հանդիպումն են անցկացրել տեսակոնֆերանսի ձևաչափով

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը 2021թ. փետրվարի 12-ին տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ նիստը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Նիստի ընթացքում քննարկվել է համատեղ աշխատանքի ընթացքը, որը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի հայտարարության 2, 3, 4 կետերի իրականացումից: Համաձայնեցվել է հետագա աշխատանքի ժամանակացույցը:
Երեք երկրների փոխվարչապետերի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 30–ին Մոսկվայում։
Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մամուլի ծառայությունից հաղորդել էին, որ փոխվարչապետերի որոշմամբ ստեղծվել են փորձագիտական ենթախմբեր։ Նրանց կազմում հայկական կողմից կընդգրկվեն ԱԱԾ–ի, ԱԳՆ–ի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ինչպես նաև ՊԵԿ–ի և Սննդի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչներ։–0–