Հրաժարական-պաշտոնանկությունների շքերթը կշարունակվի. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հրաժարական-պաշտոնանկությունների շքերթը գործադիր-օրենսդիրում կշարունակվի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններվ` առաջիկայում զբաղեցրած պաշտոններից հրաժարական կտան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, թեպետ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևողականորեն հերքում է:
«Նախարարական պորտֆելները ինքնակամ կհանձնեն նաև արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, որն ասել է՝ եթե Ամուլսարը հանք դառնա, ինքը կհեռանա նախարարի պաշտոնից: Հնարավոր է` հրաժարական ներկայացնեն նաև Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարները և ԿԱ ՊԵԿ ղեկավարները», – գրում է օրաթերթը:
Օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱՄՆ այցից վերադառնալուց հետո ՀՀ վարչապետը մտադիր է աշխատանքից ազատելու միջնորդություն ներկայացնել ՀՀ նախագահին նաև կառավարության սոցիալական բլոկը համակարգող նախարարների մասով: Խոսքը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ՀՀ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի մասին է:
Պարբերականի հաղորդմամբ` փոփոխություններ են սպասվում նաև Ազգային ժողովում: Հրաժարականի դիմում կներկայացնի Լենա Նազարյանը. նա կլքի նաև խորհրդարանի փոխնախագահի աթոռը: «Իմ քայլը» խմբակցությունից կհեռանա պատգամավոր Միքայել Զոլյանը, որը ևս կընդգրկվի ԱԺ-ում նոր ձևավորվող պատգամավորական խմբում:
«Եվ առաջիկայում պարզ կդառնա, թե էլոր պատգամավորները կհամալրեն այս խումբը», – գրում է թերթը։
«Հրապարակի» հաղորդմամբ, Ֆելիքս Ցոլակյանին աշխատանքից կազատեն հիմնականում Արթուր Վանեցյանի հետ ունեցած մտերմության համար։
Աշխատանքից կազատվի նաև ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը, որպեսզի քրեական գործերի՝ դատարան չհասնելու հանգամանքը բացատրվի հանրությանը։
«Բայց հեռացվածներից ոմանց առաջարկներ կարվեն, ինչպես Օսիպյանին արվեց՝ վարչապետի գլխավոր խորհրդական, որ իշխանության հակառակորդների բանակը չուժեղանա», – նշում է օրաթերթը:–0–