Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+13

Կողմերի դիրքորոշումները այս թեմայի շուրջ արդեն շատ մոտ են. ԵԽ նախագահը մանրամասներ է ներկայացրել Փաշինյան–Ալիև հանդիպումից (ՎԻԴԵՈ)

15.05.2023, 11:37
Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ավելի քան 4 ժամ տևած հանդիպման արդյունքներով. ՎԻԴԵՈ
Կողմերի դիրքորոշումները այս թեմայի շուրջ արդեն շատ մոտ են. ԵԽ նախագահը մանրամասներ է ներկայացրել Փաշինյան–Ալիև հանդիպումից (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./ԱՌԿԱ/. ԵՄ-ն հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնելու համապարփակ կարգավորման։ Մենք շարունակելու ենք նպաստել նրանց համատեղ ջանքերին։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, հաղորդում է Առաջին լրատվականը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ավելի քան 4 ժամ տևած հանդիպման արդյունքներով Շառլ Միշելը հայտարարել է.

«Հանդիպման ընթացքում կողմերը կենտրոնացել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթացի վրա։ Առաջնորդները խաղաղության հասնելու պատրաստակամություն են հայտնել: Միասին քննարկել ենք օրակարգային բոլոր հարցերը:

Հարկավոր է պահել այս թափը և քայլեր ձեռնարկել երկրների միջև խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։

Կողմերը քննարկել են սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, այս համատեքստում նրանք պայմանավորվել են վերսկսել սահմանային հարցերի շուրջ երկկողմ հանդիպումները։

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հավատարմություն են հայտնել Ալմա-Աթայի 1991թ. հռչակագրին և Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ համապատասխանաբար 29 800 կմ2 և 86 600 կմ2։

Սահմանազատման հետ կապված վերջնական հարցերը կհամաձայնեցվեն բանակցությունների միջոցով:

Հաղորդակցությունների հետ կապված՝ կողմերը հստակ առաջընթաց են գրանցել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը վերաբերող հարցերի քննարկումներում: Կողմերի դիրքորոշումները այս թեմայի շուրջ արդեն շատ մոտ են՝ խոսքը մասնավորապես՝ Նախիջևանով երկաթուղային կապի վերաբացման մասին է:

Ըմբռնում է եղել, որ գերեվարված անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում: Ես նաև ընդգծել եմ, որ մոլորված քաղաքացիների ազատ արձակումը պետք է իրականացվի արագացված ընթացակարգով:

Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ապահովմանը: Ես հորդորել եմ Ադրբեջանին ներգրավվել դրական օրակարգի մշակմանը՝ երաշխավորելու հայերի անվտանգությունը՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ։ Ես բարձրաձայնել եմ նաև Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակչության միջև թափանցիկ երկխոսության անհրաժեշտության մասին»:

Հիշեցնենք, որ նախօրեին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:–0–