Փաշինյանն անհրաժեշտ է համարում քննարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./ԱՌԿԱ/. Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե Հայաստանը դեմ է սահմանների դելիմիտացիա ու դեմարկացիա սկսելու գործընթացին, սակայն, այն որևէ կապ չունի իրականության հետ:
Նա, մասնավորապես,ընդգծեց. «Ընդհակառակը, մենք կողմ ենք, ավելին, նման գործընթաց մեկնարկելու, տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու մանդատ ենք ստացել սեփական ժողովրդից»:
Նա անդրադարձավ նաև նրան, որ դեռևս մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում բարձրաձայնել է սահմանազատման և սահմանագծման աշխատանքների մեկնարկի վերաբերյալ իր պատկերացումները:
«Սոթք-Խոզնավար հատվածում հայ-ադրբեջանական սահմանային գծից թե հայ, թե ադրբեջանական զորքերի հետքաշում, սահմանային գծի երկայնքով ՌԴ սահմանապահ զորքերի հենակետերի տեղադրում և սահմաային գծի մոնիտորինգ, ապա սահմանազատման աշխատանքների մեկնարկ, ինչին մեր պատրաստակամությունը հայտնել ենք բազմիցս», – նշեց Փաշինյանը:
Առկա իրավիճակը հաշվի առնելով,ըստ վարչապետի պաշտոնակատարի, իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի:
«Համաձայն մեր քաղաքացիներից ստացած մանդատի՝ մեր կառավարությունը պատրաստվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները մեր տարածաշրջանի անվտանգությունը, խաղաղությունն ու կայունությունը ապահովելու համար: Մեր կառավարությունը գործելու է Հայաստանի քաղաքացիներից ստացած մանդատին համապատասխան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:-0-