Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Պետդեպ. ԱՄՆ-ն չի ճանաչում Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները

12.09.2023, 11:37
ԱՄՆ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն, հետևաբար չի ճանաչում, այսպես կոչված, նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք հայտարարվել էին վերջին օրերին
Պետդեպ. ԱՄՆ-ն չի ճանաչում Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Միացյալ Նահանգները չի ճանաչում Ղարաբաղի նախագահական ընտրությունների արդյունքները, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Չնայած մենք կարծում ենք, որ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղն ունենա վստահելի ներկայացուցիչներ այս գործընթացի (բանակցությունների) համար: Ինչպես նախկինում ասել ենք, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն, հետևաբար չենք ճանաչում, այսպես կոչված, նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք հայտարարվել էին վերջին օրերին»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

Միլլերն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել վճռականորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին` լուծելու չլուծված խնդիրները ուղիղ երկխոսության միջոցով, այդ իսկ պատճառով պետքարտուղար Բլինքենը և Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լու Բոնոն հետևողականորեն մասնակցում են այս գործընթացում:

Նա կրկին ընդգծել է Լեռնային Ղարաբաղում երթուղիների բացման և կողմերի միջև երկխոսության անհրաժեշտությունը։

«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով: Կրկնում ենք մեր կոչը, ինչպես հանգստյան օրերին հայտարարել է պետքարտուղարը (Էնթոնի Բլինքենը), Լաչինի և Աղդամի երթուղիների անհապաղ և միաժամանակ բացման վերաբերյալ: Կոչ ենք անում ղեկավարներին, ինչպես ընդգծել է պետքարտուղարն իր կոչերում, չձեռնարկել որևէ գործողություն, որն ավելացնում է լարվածությունը կամ շեղում այդ նպատակից»,- ասել է Միլլերը:

Սեպտեմբերի 9-ին Արցախի խորհրդարանն ընտրեց հանրապետության հինգերորդ նախագահին՝ 45-ամյա Սամվել Շահրամանյանին (նախկինում զբաղեցնում էր ԱԱԾ պետի, Անվտանգության խորհրդի քարտուղարի, պետական նախարարի պաշտոնները)։-0-