Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Պետք է գործընկերներից պարզաբանում ստանալ. Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին

29.05.2023, 13:07
Առնվազն հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարությունները։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. ՎԻԴԵՈ
Պետք է գործընկերներից պարզաբանում ստանալ. Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./ԱՌԿԱ/. Առնվազն հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարությունները։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նաև հիշեցրել է, որ Բրյուսելում կայացած վերջին հանդիպման ընթացքում նա և Ալիևը հաստատել են փոխադարձաբար ճանաչել Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (Հայաստանը` 29800 քառակուսի կմ և Ադրբեջանը 86600 քառակուսի կմ)։

«Ես կարծում եմ, որ այստեղ և′ Ադրբեջանը, և′ միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն, թե արդյոք դա նշանակում է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից», – ասաց նա։
Փաշինյանը, դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, նշեց, որ պետք է գործընկերներից ստանալ այս հարցի պարզաբանումը։

«Անհրաժեշտ է լրացուցիչ ճշգրտումներ մտցնել` հետագա գործողությունները պլանավորելու համար», – ընդգծեց նա։

Փաշինյանը նշեց, որ առաջիկայում տեղի կունենա հնգակողմ հանդիպում Քիշնևում` Եվրամիության խորհրդի նախագահի Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։

Անդրադառնալով քննարկումներին այն մասին, թե արդյոք հնարավո՞ր է առաջիկայում ստորագրվի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ`Փաշինյանը նշեց, որ Հայաստանը դեռևս չի ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները վաշինգտոնյան հանդիպումից առաջ Ադրբեջանին փոխանցած հայկական առաջարկների վերաբերյալ։

«Դա խաղաղության պայմանագրի արդեն չորրորդ խմբագրումն է։ Մենք այդ խմբագրումը փոխանցել ենք ադրբեջանական կողմին, և այս պահի դրությամբ դեռևս չենք ստացել։ Հետևաբար, այս պահի դրությամբ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել», – ասաց նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Ալիևն Արցախի բնակիչներից պահանջել է «ենթարկվել Ադրբեջանի օրենքներին, դառնալ Ադրբեջանի լոյալ, նորմալ քաղաքացիներ»` սպառնալով իրականացնել «ցանկացած օպերացիա» տարածաշրջանում։ Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղում անհրաժեշտ է «լուծարել խորհրդարանը, նախագահը պետք է հանձնվի, նախարարները, պատգամավորները պետք է լքեն իրենց պաշտոնները»։–0–