Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Փոխվարչապետը հանդիպել է Տավուշի մի շարք վարչական շրջանների ներկայացուցիչների հետ. հանդիպումը տևել է երեք ժամ

23.04.2024, 10:42
Հանդիպմանը մասնակցել են, մասնավորապես, Բաղանիսի, Ոսկեպարի, Բերքաբերի գյուղապետերը: Հանդիպումը տևել է շուրջ 3 ժամ
Փոխվարչապետը հանդիպել է Տավուշի մի շարք վարչական շրջանների ներկայացուցիչների հետ. հանդիպումը տևել է երեք ժամ

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Նախօրեին կառավարության շենքում տեղի է ունեցել փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի մի շարք վարչական շրջանների ներկայացուցիչների հետ: 

«Լուրեր»-ի թղթակիցը փոխանցում է, որ հանդիպմանը մասնակցել են, մասնավորապես, Բաղանիսի, Ոսկեպարի, Բերքաբերի գյուղապետերը: Հանդիպումը տևել է շուրջ 3 ժամ: 

Զուգահեռ կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել: 

Ապրիլի 20–ից Տավուշում ընթանում են բողոքի ակցիաներ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման մեկնարկի դեմ։ Ցուցարարները պարբերաբար փակում են միջպետական մայրուղին։ 

Հայաստանի–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման մեկնարկի մասին

Ապրիլի 19–ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ութերորդ հանդիպման ընթացքում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Որոշվել է, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաև տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ավարտին հասցնել կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը։

Նշվում է նաև, որ կողմերը կդիմեն իրենց Կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով: 

Պայմանավորվել են, Կողմերի կողմից Կանոնակարգի հաստատումից հետո, համաձայնեցնել հերթականությունը և շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով: