Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 10, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+26

Պուտին. ՀԱՊԿ-ի ձեռնարկած միջոցառումները հստակ ցույց տվեցին, որ մենք թույլ չենք տա իրականացնել գունավոր հեղափոխությունների սցենարը (ՎԻԴԵՈ)

10.01.2022, 14:42
Պուտինը նշել է, որ իր գործառույթները կատարելուց հետո ողջ խաղաղապահ զորախումբը դուրս կբերվի Ղազախստանի տարածքից. ՎԻԴԵՈ
Պուտին. ՀԱՊԿ-ի ձեռնարկած միջոցառումները հստակ ցույց տվեցին, որ մենք թույլ չենք տա իրականացնել գունավոր հեղափոխությունների սցենարը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./ԱՌԿԱ/. Իր գործառույթները կատարելուց հետո ողջ խաղաղապահ զորախումբը դուրս կբերվի Ղազախստանի տարածքից, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ-ի շրջանակներում տեղի ունեցած քննարկումների ժամանակ։

Այսօր ՀԱՊԿ երկրների ղեկավարները տեսակոնֆերանսի ձևաչափով արտահերթ հանդիպում են անցկացրել՝ քննարկելու իրադարձությունների զարգացումը Ղազախստանում, որտեղ մի քանի օր շարունակ հակաահաբեկչական գործողություն է ընթանում, տեղակայվել են ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը: Հավաքական անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

 «Ղազախստանի եղբայրական ժողովրդին օգնություն ցուցաբերելու համատեղ քայլերը հնարավորինս արագ համաձայնեցվեցին, և ՀԱՊԿ մեխանիզմն իրոք գործի դրվեց: ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերն ուղարկվել են Ղազախստան, և, ես ուզում եմ ընդգծել, որ դա սահմանափակ ժամկետով է, այնպիսի ժամկետով, որի կիրառումը Ղազախստանի ղեկավարը հնարավոր է համարում»,-ասել է նա։

Պուտինը նշել է, որ խաղաղապահ ուժերի ամբողջական տեղակայումը հնարավոր է եղել իրականացնել բավականին կարճ ժամանակում։

«Մեր համատեղ գործողությունները դիտարկում ենք որպես ժամանակին և լեգիտիմ գործողություն», – ասել է նա։

Պուտինի խոսքով՝ Ղազախստանի պետականության համար վտանգը ծագել է ոչ թե վառելիքի գների հետ կապված ինքնաբուխ բողոքի ակցիաներից, այլ նրանից, որ ստեղծված իրավիճակից օգտվեցին ապակառուցողական ներքին ու արտաքին ուժերը։

«Այն մարդիկ, ովքեր հանդես էին գալիս գազի շուկայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, ունեն նույն նպատակները, իսկ նրանք, ովքեր զենք են վերցրել և հարձակվել պետության վրա, բոլորովին այլ մարդիկ են, և նրանք այլ նպատակներ ունեն»,- ասել է նա։

Պուտինն ընդգծել է, որ «Ղազախստանի իրադարձությունները մեր պետությունների ներքին գործերին արտաքին միջամտության առաջին և վերջին փորձը չէ»:

«ՀԱՊԿ-ի ձեռնարկած միջոցառումները հստակ ցույց տվեցին, որ մենք թույլ չենք տա բարդացնել իրավիճակը, ինչպես նաև թույլ չենք տա իրականացնել այսպես կոչված գունավոր հեղափոխությունների սցենարը»,- ասել է նա։

Հունվարի 5-ին Տոկաևը դիմել է ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ խնդրելով օգնություն ցուցաբերել երկրին՝ հաշվի առնելով ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգը։ Հունվարի 6-ին ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կազմակերպության Հավաքական խաղաղապահ ուժերի Ղազախստան ուղարկելու որոշման մասին։ Հունվարի 9-ին խաղաղապահ ուժերն արդեն տեղակայվեցին Ղազախստանում։ Խաղաղապահները պաշտպանում են կարևոր ռազմական, պետական ​​և սոցիալական նշանակության օբյեկտները Ալմաթիում և քաղաքի հարակից տարածքներում:–0–