Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը 50 միլիոն դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել

18.05.2021, 22:32
Գագիկ Բեգլարյանը 2009–2010թթ.–ին զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը, 2012–2016թթ.–ին` ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարարի պաշտոնը
Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը 50 միլիոն դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./ԱՌԿԱ/. Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը 50 միլիոն դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել։

Այս մասին հայտնում է «Նովոստի–Արմեիա» գործակալությունը` հղում անելով ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանին։

Գագիկ Բեգլարյանը 2009–2010թթ.–ին զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը, 2012–2016թթ.–ին` ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարարի պաշտոնը։

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 57-ամյա Գագիկ Բ.-ն, որը 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք։

«Պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույքվատնելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծանր հետևանքներ առաջացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը սույն թվականի մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է ՀՀ, ինքնակամ ներկայացել քրեական վարույթն իրականացնող մարմին, բացի այդ ՀՀ դատախազության դեպոզիտ է մուծել առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պետությանը պատճառված վնասին համարժեք գումար: Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը 50 միլիոն ՀՀ դրամի չափով գրավով փոխելու մասին»,- ասել է Արևիկ Խաչատրյանը։

Ավելի վաղ ԱԱԾ–ն հայտնել էր, որ բացահայտվել են տարիներ առաջ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքեր։ Քննությունը կարծում է, որ Երևան քաղաքի Կենտրոնի թաղային համայնքի կազմակերպատնօրինչական, վարչատնտեսական գործառույթներով մշտապես իշխանության ներկայացուցչի լիազորություններով օժտված իրավասու պաշտոնատար անձինք, 2009 թ. ընթացքում նախնական համաձայնության գալով տվյալ ժամանակահատվածում Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձի հետ, համայնքապատկան գույքը վերջինիս անհատույց կերպով օտարելու խմբային շահերից ելնելով, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, չունենալով համայնքապատկան գույքը նվիրատվության կարգով այլ անձանց սեփականությանը հանձնելու օրենքով նախատեսված որևէ հիմք, անտեսելով համայնքի իրական կարիքների համար տվյալ անշարժ գույքերի օգտագործման հնարավորությունը, 27.05.2009 թ-ին, 06.05.2009 թ-ին ձևականորեն հրավիրված ավագանու նիստերին քննարկել և որոշմամբ հաստատել են Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 40ա շենքի թիվ 100 հասցեում գտնվող 171.9քմ մակերեսով անշարժ գույքը Ա. Ս. Վ.-ին, Երևան քաղաքի Չարենցի փողոց 4 շենքի թիվ 129 հասցեում գտնվող 103.1քմ մակերեսով անշարժ գույքը Վ. Ս. Դ.-ին, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 5ա շենքի թիվ 366 հասցեում գտնվող 107.9քմ մակերեսով անշարժ գույքը Ս. Մ. Հ.-ին նվիրատվության կարգով՝ անհատույց տրամադրելու հարցը, որոնց նկատմամբ վերջիներս ձեռք են բերել սեփականության իրավունք: Այնուհետև, որոշ ժամանակ անց՝ 02.02.2011 թ-ին, 10.02.2011 թ-ին, 01.06.2011 թ-ին,  նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վերջիններս այդ գույքը չնչին գումարներով օտարել են Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած անձի մերձավոր ազգականներին կամ նրա հետ փոխկապակցված անձանց:

Նշված գործողությունների արդյունքում խաթարվել է տեղական ինքնակառավարման մարմնի բնականոն գործունեությունը, էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ, այն է՝ առանձնապես խոշոր արժեք՝ 235.000.000 ՀՀ դրամ ունեցող անշարժ գույքերը ոչ իրավաչափ կերպով հանձնվել են այլ անձի տնօրինմանն ու փաստացի ապօրինի տիրապետմանը:–0–