Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փետրվարի 17–ին կայցելեն Հայաստան

16.02.2015, 14:00
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փետրվարի 17–ին կայցելեն Հայաստան, Twitter–ի իր էջում հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փետրվարի 17–ին կայցելեն Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փետրվարի 17–ին կայցելեն Հայաստան, Twitter–ի իր էջում հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Նրա խոսքերով` նախատեսվում է, որ Երևանում միջնորդները կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Մինչև Հայաստան գալը միջնորդները կայցելեն Ադրբեջան։

«Մենք նախատեսում ենք լուրջ բանակցություններ անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այլ պաշտոնյաների հետ` նվիրված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերին», – այս կապակցությամբ Twitter–ի իր էջում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-