Առողջապահության նախարարությունը հորդորում է Ղուկասյանին դադարեցնել հացադուլը
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանն այսօր այցելել է հացադուլ հայտարարած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին:
Ինչպես նշում են նախարարության մամուլի ծառայությունից, երկարատև զրույցի ընթացքում Հայկ Դարբինյանը հետաքրքրվել է նրա ինքնազգացողությամբ, ապա մասնագիտորեն մանրամասն բացատրել, թե շարունակվող հացադուլն ինչ բարդություններ ու հետևանքներ կարող է առաջացնել օրգանիզմում։ Տեղեկացնելով, որ յուրաքանչյուր պահի վիճակը կարող է կտրուկ վատանալ, նախարարի առաջին տեղակալն Անդրիաս Ղուկասյանին հորդորել է դադարեցնել հացադուլը։
Հայկ Դարբինյանը շարունակել է պնդել, որ միայն լաբորատոր-գործիքային համալիր հետազոտությունների արդյունքում կարելի է նրա առողջական վիճակի մասին ամբողջական պատկերացում կազմել։ Միաժամանակ նա նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է ցանկացած պարագայում աջակցել թե՛ լաբորատոր-գործիքային հետազոտություններ կազմակերպելով, թե՛ անհրաժեշտ բուժում իրականացնելով և անգամ խորհրդատվություն տրամադրելով։
Անդրիաս Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել փոխնախարարին այցելելությաին համար և խոստացել անհրաժեշտության դեպքում հեռաձայնել։
ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ հացադուլի վայրում շարունակվում է 24-ժամյա բժշկական հսկողությունը։
«Radio Hay»–ի ղեկավար Անդրիաս Ղուկասյանն անժամկետ հացադուլ է անցկացնում հունվարի 21–ից։ Նա հայտարարել է ընտրությունների անօրինականության մասին` իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից վարչական ռեսուրսների օգտագործման պատճառով։ Հացադուլի նպատակն է խթանել հանրային ակտիվությունը` արդար ընտրությունների անցկացման նպատակով։
Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0—
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:53 11.02.2013