ԲՀԿ-ի առաջնորդը կողմնորոշվել է նախագահական ընտրություններին մասնակցելու հարցում. թերթ
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կողմնորոշվել է նախագահական ընտրությունների մասնակցության հարցում, գրում է Zham.am-ը:
Վերջին ժամանակներում հասարակությունն ակտիվ քննարկում է նախագահի պաշտոնում Ծառուկյանի հնարավոր առաջադրումը ԲՀԿ-ից` որպես ընդդիմության միասնական թեկնածու: Փորձագետները նրան Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի ուժեղ մրցակից են համարում: Սերժ Սարգսյանի թեկնածությունը կուսակցությունը մտադիր է առաջադրել կուսակցության արտահերթ դեկտեմբերյան համագումարում:
«Բնականաբար, նման կարևորագույն որոշումները չեն ընդունվում չմտածված և վերջին պահին: Ասեմ ավելին՝ ես իմ որոշումն արդեն կայացրել եմ: Այլ հարց է, որ առայժմ ընտրական օրենսդրությունը թույլ կտա այն չհնչեցնել, ես օգտվում եմ այդ հնարավորությունից»,- ասել է Ծառուկյանը Zham.am-ին տված հարցազրույցում:
Ծառուկյանը նշել է, որ այժմ կուսակիցների կարծիքները և քաղաքական դաշտում գործող գործընկեր կուսակցությունների կարծիքները լսելու օպտիմալ պահն է:
Ըստ նրա, ժամանակը համբերություն և կշռադատված, հստակ որոշումներ է պահանջում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է, որը ստեղծվել է 2004 թվականին: Կուսակցության առաջնորդը խոշոր ձեռնարկատեր, խորհրդարանի պատգամավոր, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն է, նրան է պատկանում նաև Multy Group կոնցեռնը:
Երկրի կառավարությունում «Բարգավաճ Հայաստանը» ներկայացված է չորս նախարարով` առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, քաղաքաշինության, սպորտի և երիտասարդության հարցերի: Կուսակցությանն է ամրագրված նաև խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնը:
Ընտրություններից անմիջապես հետո ԲՀԿ-ն հրաժարվեց կոալիցիոն կառավարության ստեղծման հուշագրի ստորագրումից: Նոր հուշագրով ՀՀԿ-ն և «Օրինաց երկիր» կուսակցությունները հաստատեցին իրենց աջակցությունն ընտրություններում Սերժ Սարգսյանին՝ որպես միասնական թեկնածուի:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:17 22.11.2012