Թուրքիայի ԱԳՆ–ն քննադատել է Օբամայի ուղերձը
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Թուրքիայի արտգործնախարարությունը քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երեկվա ուղերձը` 1915թ.–ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։
Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հայ ժողովրդին հղած ավանդական ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ, շրջանցելով պաշտոնավարությունից առաջ տված խոստումները, կրկին չարտասանեց «ցեղասպանություն» բառը։«Այսօր մենք հիշում ենք «Մեծ Եղեռնի»` 20–րդ դարի ամենասարսափելի չարագործություններից մեկի մասին։ Հարգում ենք դաժանաբար սպանված և Օսմանյան կայսրության մայրամուտին մահվան գնացող 1.5 միլիոն հայերի հիշատակը»,– ասվում էր Օբամայի ուղերձում։
Մեկնաբանելով ուղերձը` թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունից նշել են, որ նախագահ Օբաման «կրկին միակողմանի մոտեցում է ցուցաբերել, որն արտացոլում է երկու ժողովուրդների ընդհանուր պատմության ցավագին հարցում հայ–թուրքական վեճի վերաբերյալ հայկական կողմի տեսակետը»։
Թուրքական ԱԳՆ–ի հայտարարության մեջ ասվում է, որ «Օբամայի միակողմանի մոտեցումը, որը պայմանավորված է ներքաղաքական նկատառումներով, վնաս է հասցնում հայ–թուրքական հարաբերություններին»։
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է 2008թ.–ի աշնանը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ։
Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից:
Սակայն 2010 թ.-ի ապրիլի 22-ին Սարգսյանը հրամանագիր ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:20 25.04.2013