Լրագրողին վիրավորած պատգամավորն ափսոսում է իր արարքի համար

Լրագրողին վիրավորած պատգամավորն ափսոսում է իր արարքի համար

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ով սպառնում էր կոտրել «А1+» հեռուստաընկերության լրագրողի ծնոտը, հայտարարություն է տարածել, որտեղ ափսոսանք է հայտնում կատարվածի համար։

Դեկտեմբերի 19–ին համացանցում տարածվել էր մի աղմկալի տեսանյութ, որում  Հանրապետական կուսակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը սպառնում է «Ա1+» ընկերության լրագրողին։«Ա1+»-ի լրագրողը փորձում է հարց տալ պատգամավոր Մհեր Սեդրակյանին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է հեռուստաընկերության լրագրողը բարձրախոսը ձեռքին մոտենում պատգամավորին, ով կոպիտ ձևով լրագրողին պահանջում է հեռանալ` սպառնալով կոտրել նրա ծնոտը։ Ըստ Սեդրակյանի` իրեն նյարդայնացրել է այն, որ լրագրողները տեսախցիկներն իր վրա են ուղղել այն ժամանակ, երբ ինքը զրուցում էր։

«Այո՛, հարգարժան լրագրողին հաջողվեց ինձ նյարդայնացնել, հետո ամենը խնամքով մոնտաժելով՝ աղավաղել իրողությունը: Բայց դա երևի այլևս կարևոր էլ չէ»,– ասվում է հայտարարության մեջ։

Ըստ Սեդրակյանի` սա թերևս հենց այն դեպքն է, երբ և՛ լրագրողը, և՛ պատգամավորը մեր ողջ հասարակությունից, մասնավորապես բոլոր լրագրողներից ներողություն խնդրելու կարիք ունեն. մեկը՝ լրագրողական էթիկան խախտելու, մյուսը՝ պատգամավորական: «Ես անկեղծորեն իմ ափսոսանքն եմ հայտնում նյարդային պահին հնչած խոսքերի համար»,– նշում է պատգամավորը։

Ավելի վաղ Սեդրակյանը հայտնել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել իր արարքի համար, նույնիսկ եթե այդպես որոշեր կուսակցության ղեկավար և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այդուհանդերձ, Սեդրակյանի կուսակիցները, մասնավորապես, խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ներողություն են խնդրել լրագրողից կատարվածի համար։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:53 24.12.2012




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×