ՀՀ նախագահի բոլոր թեկնածուները փոխել են նախընտրական միջոցառումների ծրագրերը. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի պատճառով նախագահի բոլոր թեկնածուները փոփոխություններ են մտցրել նախընտրական միջոցառումների ծրագրերում, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Հայրիկյանը ուսի շրջանում հրազենային վնասվածք է ստացել երեկ ժամը 23։30–ին Երևանի կենտրոնում` Տպագրիչների փողոցում, որտեղ գտնվում է նրա հայրական տունը։ Հայրիկյանին արդեն վիրահատել են։ Նրա վիճակը կայուն է։
«Միջադեպի պատճառով բոլոր թեկնածուները փոխել են իրենց ծրագրերը և հետաձգել նախընտրական քարոզարշավի շրջանակներում կայանալիք հանդիպումները»,– ասաց Սարգսյանը։
Ըստ նրա, անհրաժեշտ խորհրդակցություններ կանցկացվեն և բոլոր թեկնածուների համար հավասար մրցակցային հնարավորություններ կապահովվեն, «որպեսզի չխախտվի նախընտրական գործընթացը»։
Վարչապետը նշել է, որ ամեն ինչ կարվի, որպեսզի հավասարության սկզբունքը չխախտվի։
Պատասխանելով ընտրությունների օրը տեղափոխելու վերաբերյալ լրագրողների հարցին` նա ասել է, որ այդ համատեքստում չափազանց կարևոր է Հայրիկյանի կարծիքը։
ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, առանց Հայրիկյանի կողմից նախաձեռնած ընթացակարգի, լիազորություններ չունի ընտրությունների հետաձգման մասին որոշում կայացնել։
ԿԸՀ–ի ղեկավար Տիգրան Մուկուչյանն իր հերթին տեղեկացրեց, որ նախագահական ընտրությունների հետաձգման մասին որոշում կարող է ընդունել միայն Սահմանադրական դատարանը։
Սահմանադրության համաձայն, Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։ Մինչեւ քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո` քառասուներորդ օրը։
Սարգսյանն ավելացրել է նաև, որ նախագահի թեկնածուների անվտանգության հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, և այդ ուղղությամբ հնարավոր ամեն բան կարվի։
Հաջող վիրահատությունից հետո Հայրիկյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, ըստ բժիշկների` նրա վիճակը բավարար է։
Մահափորձի փաստով հարուցվել է քրեական գործ Հայաստանի Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածով` մահափորձ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի նկատմամբ` նրա գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Պատժվում է տասից տասնհինգ տարի ազատազրկմամբ։
Ստեղծվել է համատեղ օպերատիվ–քննչական խումբ, որում ընդգրկվել են ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Գործը քննում է ԱԱԾ–ն։
Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0—
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:39 01.02.2013