ՀՀ նախագահի թեկնածուներից մեկը նույնպես հրաժարվեց հետագա պայքարից
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. «Հայ–ռուսական միավորում» հասարակական կազմակերպության առաջնորդ Ռոբերտ Ահարոնյանը հինգշաբթի հայտարարել է, որ հրաժարվում է պայքարել ՀՀ նախագահի պաշտոնի համար։
Ահարոնյանը ԿԸՀ էր ներկայացրել փաստթղթերը նախագահի թեկնածու գրանցելու համար, սակայն չէր կարողացել հավաքել պահանջվող 8 մլն ընտրագրավը։ Երեքշաբթի ԿԸՀ–ն Ահարոնյանին և յոթ այլ թեկնածուների 48 ժամ էր տվել ընտրագրավը վճարելու համար։
Սակայն Ահարոնյանը հինգշաբթի հայտարարեց, որ հրաժարվում է հետագա պայքարից` մեկնաբանելով, որ իր քայլը պայմանավորված է ֆինանսական խնդիրներով։
Նախօրեին նախագահական մրցավազքի մասնակցությունից հրաժարվելու մասին հայտնել էին նաև Հայաստանի մարտական կարատեի կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Ռուբեն Այվազյանը։
2013թ.–ի փետրվարի 18–ին Հայաստանում կանցկացվեն թվով վեցերորդ նախագահական ընտրությունները։ Որպես թեկնածու գրանցման համար փաստաթուղթ է ներկայացրել 15 մարդ։ Թեկնածուների գրանցումը կավարտվի փետրվարի 14–ին։
Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21–ին և կավարտվի փետրվարի 16–ին` ժամը 24։00–ին։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկա ընտրությունների գլխավոր ֆավորիտն է։ Դեկտեմբերի 15–ին Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ Սարգսյանն ընտրություններին մասնակցելու է «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով։
Բացի պետության գործող ղեկավարից, նախագահական պաշտոնի համար մտադիր են պայքարել նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը։
Պոտենցիալ թեկնածուների թվում նաև կին կա` Մամուլի ազգային ակումբի նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս Նարինե Մկրտչյանը։
Ավելի վաղ փաստաթղթերը ԿԸՀ էին ներկայացրել նաև «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը, թոշակառու Պավլիկ Սարգսյանը և գործազուրկ Մհեր Հայրապետյանը։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:42 10.01.2013