Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

ՀՀ փոխխոսնակը պատասխանել է ընդդիմության հնչեցրած մեղադրանքներին

12.11.2012, 18:31
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է ընդդիմադիր պատգամավորների կողմից ՀՀԿ-ի հասցեին հնչեցրած կտրուկ քննադատությանը:
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է ընդդիմադիր պատգամավորների կողմից ՀՀԿ-ի հասցեին հնչեցրած կտրուկ քննադատությանը:

Իրենց ելույթներում ընդդիմության ներկայացուցիչները մեղադրել են ՀՀԿ-ին քաղաքացիների սոցիալական հարցերը լուծելու համար քաղաքական կամքի բացակայության մեջ և նվազագույն աշխատավարձի չափը զգալիորեն բարձրացնելուց հրաժարվելու մեջ: Ազգային ժողովը հինգշաբթի առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրինագիծը` 2013 թվականի հունվարի մեկից նվազագույն աշխատավարձը ներկայիս 32,5 հազար դրամից մինչև 35 հազար դրամի հասցնելու վերաբերյալ:

Օրինագիծն առաջացրել է մի շարք պատգամավորների վրդովմունքը, ովքեր նվազագույն աշխատավարձի ավելի էական բարձրացում էին պահանջում:

Արդյունքում «Ժառանգություն» և Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեցին օրինագծին, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ մնաց քվեարկության մասնակցությունից:

«ՀՀԿ-ից ավելի լավ ո՞վ գիտի ժողովրդի խնդիրները, ո՞վ է 99 թվականից բարձրացնում կենսամակարդակը, ո՞վ է լուծել սոցիալական խնդիրները, կրճատել աղքատությունը, ո՞վ է տնտեսական բարեփոխումներ անցկացրել: Մենք քաջ գիտակցում ենք, որ 35 հազար դրամը բավարար չէ, և այդ գումարով հնարավոր չէ լուծել առկա խնդիրները: Բայց սրանք են մեր հնարավորությունները, և մենք տարեցտարի հետևողականորեն կբարձրացնենք ինչպես նվազագույն աշխատավարձը, այնպես էլ քաղաքացիների սոցիալական մակարդակը»,- ասաց Շարմազանովը:

Փոխխոսնակը կոչ արեց նախագահական ընտրությունների նախաշեմին խորհրդարանական ամբիոնը չօգտագործել «տարբեր շահարկումների համար»:

«Չեմ ցանկանում գնահատականներ տալ՝ դրա համար կա հանրությունը, որը կորոշի, ով է իրական աշխատանք կատարում, իսկ ով՝ պոպուլիզմով զբաղվում: Հայաստանի քաղաքացիներրի մեծամասնությունն ամեն ընտրություններին ցույց է տալիս, որ իր խնդիրների լուծումը կապում է ՀՀԿ-ի հետ»,- նշեց նա:

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անտրամաբանական էր համարել այն փաստը, որ նվազագույն  աշխատավարձի չափը շատ ցածր է նվազագույն սպառողական զամբյուղից, որի արժեքը, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հունիսի վերջի դրությամբ, կազմել է ամսական կտրվածքով ավելի քան 53 հազար դրամ:

ՀՅԴ ընդդիմադիր խմբակցությունն, իր հերթին, առաջարկել էր յուրաքանչյուր տարվա համար բյուջեում սահմանել նվազագույն աշխատավարձի չափը՝ ելնելով կենսապահովման նվազագույն բյուջեից և կենսապահովման զամբյուղից:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ներկայացնելով օրինագիծը խորհրդարանում, իր հերթին նշեց, որ նվազագույն  աշխատավարձի չափի հենց այս տեմպերն են օպտիմալ, քանի որ համապատասխանում են պետբյուջեի հնարավորություններին և չեն հանգեցնի կրճատումների կամ մասնավոր հատվածի «ստվերի» ավելացմանը:

Նա նաև հիշեցրեց, որ կառավարության հնգամյա ծրագրով նախատեսվում է նվազագույն աշխատավարձի առնվազն կրկնակի ավելացում ՝ մինչև 65 հազար դրամ 2016 թվականին: -0-