Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Հայաստանը Շվեդիայում դեսպանատուն կբացի

02.05.2013, 16:03
Արտգործնախարարությունը նպատակահարմար է գտնում Շվեդիայում Հայաստանի դեսպանատան ստեղծումը` Ստոկհոլմում  նստավայրով, հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում հայտնել է ՀՀ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
Հայաստանը Շվեդիայում դեսպանատուն կբացի
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Արտգործնախարարությունը նպատակահարմար է գտնում Շվեդիայում Հայաստանի դեսպանատան ստեղծումը` Ստոկհոլմում  նստավայրով, հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում հայտնել է ՀՀ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Ըստ Քոչարյանի` վերջին յոթ–ութ տարիների ընթացքում բարձր մակարդակով հայ–շվեդական քաղաքական երկխոսության և կապերի ակտիվացում է նկատվում, որի մասին վկայում են Շվեդիայում Հայաստանի նախագահի և Երևանում շվեդական ԱԳՆ–ի ղեկավարի այցերը։

Հինգշաբթի հայկական կառավարությունն ավելի քան 168 մլն դրամ է հատկացրել Ստոկհոլմում դեսպանատան բացման համար։

Կառավարության որոշման նախագծում նշվում է, որ երկու երկրների խորհրդարաններում գործում են բարեկամության խմբեր, բացի այդ, Շվեդիան միակ սկանդինավյան պետությունն է, որի խորհրդարանը ճանաչել է 1915թ.–ին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության փաստը (2010թ.)։

Շվեդիայի տնտեսությունն աշխարհի ամենամրցակցայիններից և Սկանդինավյան տարածաշրջանի խոշորագույններից մեկն է։
 
2006թ.–ից սկսած Շվեդիայի արտաքին քաղաքականության մեջ կարևոր դեր է հատկացվել Հարավային Կովկասին։ Ղարաբաղյան կարգավորման հարցում Ստոկհոլմն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։

Շվեդիան Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի նախաձեռնող երկրներից մեկն է։

Ներկա պահին Շվեդիայում բավական կազմակերպված հայկական համայնք կա, որը Սկանդինավյան երկրներում խոշորագույնն է։
 
Հայաստանը Հարավային Կովկասի և Արևելյան գործընկերության երկրներից միակն է, որը Ստոկհոլմում դեսպանատան նստավայր չունի։ Դեսպանատան բացումը կարող է խթան հանդիսանալ Երևանում Շվեդիայի դեսպանատան բացման համար։ –0–