Հայաստանը պետք է հույսը դնի սեփական, ոչ թե այլ գերտերությունների ուժերի վրա. Մեսրոպյան
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է հույսը դնի սեփական, ոչ թե այլ գերտերությունների ուժերի վրա, և պետք է համաշխարհային քաղաքականության մեջ սուբյեկտ լինի, ոչ թե օբյեկտ, կարծում է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը, գրում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
«Կառավարման տեսանկյունից կամ ձգտում ես սուբյեկտ դառնալ, կամ օբյեկտ։ Եթե ընտրում ես գերտերության ուղին, ապա վերջիվերջո օբյեկտ ես դառնում, այսինքն` կառավարիչ։ Եթե անմիջապես չես մտնում որևէ խոշոր միության կազմ, ապա հավակնում ես սուբյեկտ դառնալ»,– հայտնեց նա։
Փորձագետը հիշեցրեց, որ ХХ դարում հայ ժողովուրդն ամենամեծ հաջողությունների հասավ այն ժամանակ, երբ հույսն իր ուժերի վրա էր դնում (Սարդարապատի հերոսամարտը, ղարաբաղյան պատերազմի հաղթանակը), իսկ ամենամեծ անհաջողությունները` երբ դրսի օգնության հույս ուներ։
Խոսելով ԵՄ–ի կամ Մաքսային միության հետ ասոցացման հարցում Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին` Մեսրոպյանը հայտնեց, որ ցանկացած գերտերություն` լինի դա Եվրամիությունը, Ռուսաստանը կամ ԱՄՆ–ն, նեոգաղութատիրության տարածման նպատակ է հետապնդում, և իշխանությունները պետք է ժողովրդին ներկայացնեն, որ Հայաստանից պահանջվում է իր մասնակցությունը այս կամ այն ինտեգրացիոն նախագծին։
Այս կապակցությամբ նա օրինակ բերեց Ուկրաինայի և ԵՄ–ի միջև Ասոցացման մասին համաձայնագիրը` նշելով, որ եթե Ուկրաինայի նման խոշոր պետության նկատմամբ նման նվաստացուցիչ մոտեցում է կիրառվում, ապա կարելի է ենթադրել, թե որքան նվաստացուցիչ և խիստ կլինի Հայաստանի նկատմամբ մոտեցումը։
Մեսրոպյանն անդրադարձավ նաև Սիրիայի հայ համայնքի խնդրին` ընդգծելով, որ Հայաստանը ֆիզիկական ոչնչացումից փրկվելու հարցում պետք է իր վրա հույս դնի, ոչ թե ակնկալի Ռուսաստանի կամ եվրոպացիների օգնությունը։
Նա նաև կոչ արեց այն քաղաքական ուժերին, որոնք մեկ տարի առաջ պնդում էին, թե Սիրիայի հայ համայնքը պետք է մնա և պայքարի իր պահպանման համար, այժմ իրենց վրա վերցնեն այն սպառնալիքների պատասխանատվությունը, որոնց ենթարկվում են հայերը, մասնավորապես, Հալեպում։
Մինչև վերջերս Սիրիայի հայ համայնքը շուրջ 100 հազարի էր հասնում: Հայերը զգալի դեր են խաղում Սիրիայի սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքում։ Ավանդաբար Սիրիայի հայ համայնքը Սփյուռքի հզոր համայնքներից մեկն է համարվում։
Հայերի մեծ մասը բնակվում է Հալեպում (ավելի քան 60 հազար մարդ), Դամասկոսում, Լաթակիայում և այլ քաղաքներում։
Լարված ռազմաքաղաքական իրավիճակի հետևանքով Սիրիայից հայերի հոսք է սկսվել դեպի պատմական հայրենիք։
Ըստ ՄԱԿ–ի փախստականների գործով գերագույն հանձնակատարի (UNHCR) տվյալների, այսօր Հայաստանում բնակվում է մոտ 7 հազար սիրիահայ։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:54 23.09.2013