Շփման գծում Ադրբեջանի բոլոր սադրանքները ամենակոշտ պատասխանը կստանան. Օհանյան
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Շփման գծում Ադրբեջանի բոլոր սադրանքները ամենակոշտ պատասխանն են ստանալու, ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանում անվտանգության հարցերով գիտաժողովի ընթացքում, հաղորդում է ArmNews հեռուստաալիքը:
«Չնայած միջազգային հանրության շարունակական և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, ինչպես նաև Հայաստանի կառուցողական դիրքորոշմանը, Ադրբեջանը շարունակում է կողմնակից լինել խնդիրն ուժային ճանապարհով լուծելու տարբերակին»,- ասաց Օհանյանը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն իր հերթին նշեց, որ Բաքվի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ուղիղ բանակցություններ վարելուց հրաժարվելը նշանակում է, որ նա չի ցանկանում կարգավորել հակամարտությունը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:25 19.11.2012