Սերժ Սարգսյան. «Այն, ինչին հավատում է Հայաստանը, ստիպված կլինի հավատալ նաև հակառակորդը»

Սերժ Սարգսյան. «Այն, ինչին հավատում է Հայաստանը, ստիպված կլինի հավատալ նաև հակառակորդը»

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի նախագահի թեկնածու, երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանը Վանաձորում ընտրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ ինչին անվերապահորեն հավատում է Հայաստանը, ստիպված է լինելու հավատալ նաև հակառակորդը:

«Շանտաժի ու նախապայմանների լեզվով անհնար է զիջումներ կորզել Հայաստանից: Ակնհայտ ստով և կեղծիքով հնարավոր չէ և չի լինելու մթագնել մեր հիշողությունը և ապագայի նկատմամբ մեր լավատեսությունը»,– Սարգսյանի խոսքը ներկայացված է նախընտրական շտաբի տրամադրած հաղորդագրության մեջ։

Նա նշել է, որ Թուրքիան չի խուսափելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, ցեղասպանության և հայրենազրկման միջազգային դատապարտումից, չի խուսափելու իր երկրի ներսում իր իսկ հանրության կողմից սեփական իշխանությունների նկատմամբ օր օրի առավել սուր հնչող հարցադրումներից:

«Ուժի սպառնալիքով հնարավոր չի եղել և չի լինելու ծնկի բերել Հայաստանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կոտրել արցախցու ազատ և անկախ ապրելու իրավունքն ու նաև, իհարկե, կամքը»,– ընդգծել է թեկնածուն։


Նախագահի թեկնածուի խոսքով` «մենք չունենք թշնամական ժողովուրդներ»։ «Մենք լիովին հասկանում ենք, որ իշխանությունների կողմից սերմանվող հայատյացության թույնը չի կարող չազդել հասարակության և, առավել ևս, երիտասարդ սերնդի վրա: Ականատեսն ենք, թե ինչպես վատ առաջնորդությունը, սեփական հանրությանը թշնամանքի թույնով վարակելը կարող է պայթյունավտանգ դարձնել ողջ տարածաշրջանը: Բայց միևնույն է, ուզում եմ կրկնել՝ մենք չունենք թշնամի ժողովուրդներ, և ես համոզված եմ՝ այս խոսքերը 21-րդ դարում տեղեկատվական հոսքերի տարածման պարագայում կարող են լսելի և ընկալելի լինել սահմանից այն կողմ ապրող, աշխատող ցանկացած մարդու համար, անգամ նրանց, ում վրա սեփական իշխանության կողմից ներարկված թույնը հասցրել է ազդեցություն գործել»։

Սարգսյանը նշել է նաև, որ անգամ այդ իրավիճակում, տարածաշրջանում տիրող լարվածության պարագայում, «մենք ունենալու ենք ապահով Հայաստան»։

«Եվ այս նպատակին հասնելու համար առաջին և կարևորագույն գրավականը եղել և մնում է մեր բանակը: Մեր բանակը սահմանում և թիկունքում ծառայող մեր որդիներն են, մեր հայրերը, եղբայրներն ու քույրերը: Մեր բանակը մենք ենք: Այս գիտակցումով ապրող և արարող ժողովրդին հնարավոր չէ կոտրել»,– ասել է նա։

Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:54 31.01.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×