Րաֆֆի Հովհաննիսյանը «բարևի հեղափոխություն» է իրականացնելու Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ուրբաթ Երևանում կայացած հանրահավաքի ընթացքում հայտարարեց, որ «բարևի հեղափոխություն» է սկսում, և ողջ երկրի տարածքով հանրահավաքներ են անցկացվելու։
Փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած և դրանց արդյունքները չընդունող Րաֆֆի Հովհաննիսյանը երկու օր շարունակ հանրահավաքներ է անցկացնում Երևանի կենտրոնում` նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իշխանությունն իրեն փոխանցելու և իր հաղթանակը ճանաչելու պահանջով։
Ըստ Հովհաննիսյանի, վաղը նրա կողմնակիցները հանրահավաք կանցկացնեն այն քաղաքներում, որտեղ հաղթանակ են տարել նախագահական ընտրություններին` Աշտարակ, Վանաձոր, Գյումրի, իսկ կիրակի ժամը 15։00–ին կրկին կհավաքվեն Երևանի Ազատության Հրապարակում։
«Ես կոչ եմ անում Երևանի քաղաքապետարանին ի գիտության առնել հանրահավաք անցկացնելու մեր մտադրությունը։ Սա Ազատության Հրապարակն է, և որևէ մեկի սեփականությունը չէ, և կիրակի հայ ժողովուրդն այստեղ կհանդիպի»,– հայտնեց նա։
Հովհաննիսյանը նշեց, որ պատրաստվում է բոլոր քաղաքներում և գյուղերում ակցիաներ անցկացնել, և ընդգծեց միասնության անհրաժեշտությունը։
«Ողջ հայ հանրությունը` Արցախը, Սփյուռքը, պետք է միասին լինեն»,– ասաց նա։ «Ժառանգության» առաջնորդն ընդգծեց, որ շարժումը խաղաղ կլինի, և այն ոչ ոքի թույլ չի տա ձեռք բարձրացնել ժողովրդի վրա։
Ըստ նրա, ցանկացած սպա, ով զինվորին ժողովրդի դեմ է տրամադրում, «պատասխան է տալու իր և հենց ժողովրդի առաջ»։
Տվյալ պահին Հովհաննիսյանի կողմնակիցները երթ են կազմակերպել Երևանի կենտրոնական փողոցներով։ Նա կոչ արեց հանրահավաքի մասնակիցներին հանգստություն պահպանել և երթևեկելի հաստված դուրս չգալ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն, բոլոր 1988 ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում գործող նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է 861 378 ձայն կամ քվեների 58,64%։
Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 539 674 ձայն կամ 36,74 %։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:13 22.02.2013