Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է հանդիպել ՀՀ նախագահի հետ
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է պետության ղեկավար Սերժ Սարգսյանի` հանդիպելու վերաբերյալ առաջարկը, տեղեկացրեց նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը։
«ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը նախօրեին զանգահարել է Րաֆֆի Հովհաննիսյանին, որպեսզի նրան փոխանցի հանդիպման պաշտոնական հրավերը։ Մենք ցավով փաստում ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է հանդիպման հրավերը` առկա բոլոր հարցերը մանրամասն և համակողմանի քննարկելու համար։ Մեզ մնում է միայն հուսալ, որ պարոն Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը և սթափ գիտակցում է երկխոսության դե-ֆակտո մերժման ճանապարհի վտանգները»,– հայտնեց Արզումանյանը։
Հովհաննիսյանի և Սարգսյանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 21–ին, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նախագահական ընտրություններին և հետընտրական շրջանին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կողմերն ընդգծել են Սահմանադրության և օրենքների շրջանակներում բոլոր գործընթացներն իրականացնելու կարևորությունը։
ՀՀ ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն, փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրություններում, բոլոր 1988 տեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում, հաղթել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը` հավաքելով ընտրողների ձայների 58,64 տոկոսը։Երկրորդ տեղը` 36,74% –ով, զբաղեցրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը փետրվարի 20-ից բողոքի ցույցեր է կազմակերպում Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում` բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ --0—