ՀՀ ԱԺ–ի նիստերից բացակայած 76 պատգամավորների աշխատավարձերը կրճատվել են 2.4 մլն դրամով
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովի նիստերից անհարգելի պատճառով բացակայելու համար 76 պատգամավորների աշխատավարձերը կրճատվել են 2 մլն 466 հազար 300 դրամ ընդհանուր գումարի չափով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԱԺ մամուլի ծառայությունից:
Բացակայություններ ունեցողների թվում են փոքր խմբակցությունների՝ ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի, ինչպես նաև ընդդիմադիր ՀՅԴ-ի ու «Ժառանգության» բոլոր պատգամավորները։
Կրճատվել են նաև Հայաստանի հանրապետական կուսակցության 25 պատգամավորի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 28 խորհրդարանականի աշխատավարձերը։
Ավելի վաղ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կոչ էր արել պատգամավորներին ներկա լինել բոլոր նիստերին և բարեխղճորեն իրականացնել օրենսդրական գործունեությունը` զգուշացնելով պատասխանատվության քայլերի խստացման մասին` անհարգելի պատճառներով նիստերը բաց թողնելու համար։
Հայկական խորհրդարանի խոսնակը նաև հայտնեց բացակայող պատգամավորներին աշխատավարձերից և գործուղումներից, ինչպես նաև խորհրդարանական տարբեր պատվիրակությունների կազմում ընդգրկելուց զրկելու իր մտադրության մասին։
ԱԺ կանոնակարգի համաձայն, քվեարկություններում պատգամավորի բացակայության հարգելի կամ անհարգելի լինելու հարցը ոչ ավելի քան 10 օրվա ընթացքում դիտարկում է խորհրդարանի խոսնակը, իսկ կեսից ավելի թվով քվեարկություններին բացակայած պատգամավորին մանդատից զրկելն ընդունվում է խորհրդարանի կողմից գաղտնի քվեարկությամբ` Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա։ ($1 –ը` 413,06 դրամ) -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:35 11.06.2013