Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+11

ԱԳՆ. ԵԱՀԿ–ի դիտարկման ընթացքում Ադրբեջանը օգտագործել է հսկողության աերոստատ

25.05.2017, 15:30
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր։
ԱԳՆ. ԵԱՀԿ–ի դիտարկման ընթացքում Ադրբեջանը օգտագործել է հսկողության աերոստատ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 25. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մարտի 25-ին ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք։

Ինչպես հաղորդում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։

«Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր և, խախտելով դիտարկման անցկացման ընթացակարգի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները, օգտագործել է հսկողության աերոստատ»,-ասված է հաղորդարության մեջ:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են ԱՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:-0-