ԱՀ ՊԲ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածված հաղորդագրությունը, թե իբր հերթական սադրանքն իրականացնելու համար արցախյան զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության, ինչին ի պատասխան ադրբեջանական ուժերը թիրախային կրակային հարվածներ են հասցրել՝ շարքից հանելով մեծ քանակությամբ կենդանի ուժ, մի քանի միավոր ռազմական տեխնիկա և ռազմական նշանակության օբյեկտների ենթակառուցվածքներ, հերթական ապատեղեկատվություն է, հաղորդում է ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը։
«Պարզապես ադրբեջանական կողմն, իր սովորության համաձայն ցանկալին ներկայացնում է իրականության փոխարեն», – նշվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից նաև նշում են, որ առաջնագծում ստեղծված օպերատիվ իրադրության մասին արդեն այսօր տեղեկացրել են:
«Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրն ու առաջնագծում ապահովել լիարժեք վերահսկողություն», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ–ները, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, տեղեկացրել են, որ «Ադրբեջանի ԶՈւ հրամանատարության հստակ տեղեկատվության համաձայն` Հայաստանի զինված ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստվածության` հերթական սադրանք իրականացնելու նպատակով»։–0–