ԱԺ–ն նոյեմբերի 1–ին կրկին վարչապետ կընտրի
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ում վարչապետի ընտրությունները, նախնական տվյալներով, տեղի կունենան նոյեմբերի 1–ին։
Այս մասին հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանին
«Նախնական տվյալներով, ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 1–ին ժամը 12։00–ին։ Ավելի կոնկրետ ժամը կպարզվի վաղը», – տեղեկացրել է Սարոյանը։
Ավելի վաղ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը լրագրողներին հայտարարել էր, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կրկին առաջադրվել է կառավարության ղեկավարի պաշտոնում։
Հոկտեմբերի 16–ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց` ԱԺ–ն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սասրգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Հոկտեմբերի 24–ին ՀՀ ԱԺ–ն չընտրեց վարչապետ։
Սահմանադրության համաձայն, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ կրկին չընտրելու դեպքում Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով և նախագահը նշանակում է արտահերթ ընտրություններ։ Նախատեսվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն այս տարվա դեկտեմբերի կեսին։–0–