ՀՀ ԱԺ–ում քվորում չկա, պատգամավորները բոյկոտում են նիստը
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ում քվորում չկա հերթական քառօրյա նիստում, որը պետք է մեկնարկեր այսօր ժամը 10։00–ին։ 105 պատգամավորից նիստին մասնակցելու համար գրանցվել է միայն 27–ը`քվորումի համար անհրաժեշտ 53 պատգամավորների դեպքում։
Ինչպես հայտարարեց ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը, «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» 51–րդ հոդվածի 4–րդ մասի համաձայն, եթե գրանցված պատգամավորների թիվը բավարար չէ քվորումի համար, ապա գրանցումը շարունակվում է մինչև քվորումի ապահովումը, սակայն չորս ժամից ոչ ավել։
«Այն դեպքում, եթե քվորումը նշված ժամկետում ապահովվում է, հայտարարվում է նիստի մեկնարկի մասին, հակառակ դեպքում նիստը համարվում է չկայացած», – ասաց Բաբլոյանը։
Միաժամանակ, «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ խմբակցությունը բոյկոտելու է նիստը։
«Հաշվի առնելով երկրում ստեղծված աննախադեպ իրավիճակը` «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարում է քաղաքական բոյկոտ և չի մասնակցի ընթացիկ քառօրյա նիստին», – ասաց Էնֆիաջյանը։
Այն բանից հետո, երբ մայիսի 1–ին ՀՀ ԱԺ–ն հատուկ նիստում մերժեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, նա կոչ արեց սկսել բողոքի տոտալ ակցիաներ հանրապետության ողջ տարածքում, մասնավորապես, տոտալ արգելափակում, այդ թվում` երկաթուղիների և օդանավակայանների։
Ըստ ՀՀ Սահմանադրության, վարչապետ չընտրելու դեպքում քվեարկությունից հետո յոթ օր անց կազմակերպվում են կառավարության ղեկավարի նոր ընտրություններ։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուները։ Եթե վարչապետը չընտրվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ապա ԱԺ–ն ցրվում է։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:48 02.05.2018