ՀՀ դատական համակարգը չունի ժողովրդի վստահությունը. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Ես չեմ կարող իրավական գնահատականներ տալ որևէ իրավիճակի մասին, բայց ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ ամեն ինչ ընթանում է բնականոն ընթացքով: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`պատասխանելով այն հարցին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործերը հիմա Սահմանադրական դատարանում եմ և եթե վարույթն ընդունվի, պետք է քննվի, թե որքանով է սահմանադրությանը համապատասխանում այդ կարգը տապալելը։
«Այսինքն բոլորի իրավունքները պաշտպանված են, մնացած իրավական հարցերի լուծումը պետք է տրվի համապատասխան ընթացակարգերով և վարչապետի լիազորությունների մեջ, բարեբախտաբար թե դժբախտաբար, չի մտնում այդպիսի հարցեր լուծելը», - ասաց նա:
«Ես դատական համակարգի վերաբերյալ իմ գնահատականը տվել եմ: Ուզում եմ ասել, որ չեմ կարող գնահատել որևէ դատական ատյանի օրինականությունը կամ ապօրինությունը, դա իմ իրավասության մեջ չի մտնում, բայց փաստն այն է, որ այսօր Հայաստանի դատական համակարգը չունի Հայաստանի ժողովրդի վստահությունը: Եվ Հայաստանում չի կարող գոյություն ունենալ մի իշխանություն, որը չի բխում ժողովրդից: Այսօր ՀՀ դատական համակարգը լեգիտիմության պրոբլեմ ունի: Մեզ պետք է այնպիսի դատական համակարգ, որի կայացրած որոշումները վարչապետը, ժողովուրդը, ընդդիմությունը չքննարկեն, ասեն՝ դատարանը որոշել է, վերջ»:-0-