Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

ՀՀ նախագահ. փա՛ռք մեր բոլոր զինվորներին, ովքեր այս 25 տարիների ընթացքում ընկել են մեր ազատության, մեր անկախության համար

19.04.2016, 19:16
Պարգևները հանձնելիս նախագահը հիշել է հանուն հայրենիքի անկախության զոհված բոլոր զինվորներին և սպաներին։
ՀՀ նախագահ. փա՛ռք մեր բոլոր զինվորներին, ովքեր այս 25 տարիների ընթացքում ընկել են մեր ազատության, մեր անկախության համար

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսօր այցելել են Պաշտպանության բանակի զորամասերից մեկը և ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար պետական պարգևներ հանձնել մի խումբ զինծառայողների:

Պարգևները հանձնելիս նախագահը հիշել է հանուն հայրենիքի անկախության զոհված բոլոր զինվորներին և սպաներին։

«Փա՛ռք նրանց, ովքեր այս 25 տարիների ընթացքում ընկել են մեր ազատության, մեր անկախության համար», – ասել է նա։

Դիմելով զինծառայողներին և սպաներին` Սարգսյանը նշել է, որ նրանք հերթական անգամ ցույց տվեցին բոլորին, թե ով է հայ զինվորը, ով է Հայրենիքի զինվորը։

«Երբ անհրաժեշտ է կռվել, դուք դառնում եք ամենակարգապահ, ամենահնարամիտ և ամենամարտունակ զինվորը: Տարիներ առաջ ես ասել եմ, որ եթե մենք պարտադրված լինենք պատերազմել, ապա այսօրվա զինվորն ու սպան կռվելու են ոչ պակաս քաջ, քան իրենց հայրերը, իրենց պապերը, իրենց ավագ ընկերները: Դուք ապացուցեցիք, որ շատ ավելի մարտունակ եք, շատ ավելի քաջ եք, շատ ավելի տոկուն եք», – ընդգծել է նա։

ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ` նախագահը նշել է, որ ժամանակները փոխվում են, փոխվում են պատերազմելու միջոցները, բայց բարոյահոգեբանական որակները մնում են նույնը: Մնում են նույնը ու հաղթում են:

«Զինվորը հակառակորդին բան չունի ասելու. զինվորը հակառակորդին իր ասելիքն ասում է մարտի դաշտում, և փա՛ռք ձեզ, ի դեմս ձեզ՝ մեր բոլոր սպաներին ու զինվորներին, ովքեր կարողացան իրենց ասելիքն ասել: Այդ դաժան օրերին որևէ հայ զինվոր ու սպա չի լքել իր մարտական դիրքը, նվիրումով կռվել է մինչև վերջ: Ինչպես չհպարտանաս այն զինվորով, ով, կրակելով մինչև վերջին փամփուշտը և լինելով վիրավոր, նռնակ է պայթեցնում, որպեսզի իր հետ տանի նաև հակառակորդի զինվորներին: Ինչպես հնարամիտ չանվանես այն զինվորին, ով նռնականետից կրակում և ոչնչացնում է ուղղաթիռ: Ինչպես չհպարտանաս այն զինվորով, ով մարտի ընթացքում շարքից հանում է հակառակորդի հինգ զրահամեքենա: Դուք լավ եք կատարել և լավ եք կատարում ձեր պարտականությունները», – ընդգծել է Սարգսյանը։

ՀՀ նախագահը նաև նշել է, որ ցավոք սրտի, պատերազմը շատ դաժան բան է: Բոլորը չէ, որ իրենց երկրային կյանքում տեսնում են իրենց աշխատանքի արդյունքը, իրենց վաստակի պտուղները, նաև թե իրենցով ինչպես են հպարտանում։

«Մեզ համար թանկ է յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սպայի կյանքը, իսկ Ադրբեջանում իրենց քաղաքական նկրտումներին հագուրդ տալու համար պատրաստ են մահվան բերան ուղարկել հարյուրավոր, հազարավոր զինվորների: Նրանք իրենց զինվորներին այլ բան են սովորեցնում, նրանք հպարտանում են, երբ իրենց զինվորները սպանված հակառակորդի, այսինքն` մեր զինվորների ու սպաների, ականջներն են կտրում, նրանք դա նորմալ են համարում, երբ իրենց հատուկ նշանակության ստորաբաժանումների անդամները, լեզուս չի պտտվում զինվոր ասելու, կտրում են 90 տարեկան սպանված ծեր մարդկանց ականջները», – ասել է նա։

ՀՀ նախագահի խոսքով` այդպիսի զինվորը չի կարող նորմալ զինվոր համարվել, այդպիսի դաստիարակությունը լավ տեղ տանել չի կարող:

«Դա ահաբեկիչներին հատուկ գործելաոճ է, իսկ ահաբեկիչ բառի հիմքում կա նաև ահաբեկել բառը, այսինքն` նրանք ուզում են մեզ ահաբեկել, ուզում են մեզ վախեցնել, ինչը, բնական է, նրանց չի հաջողվի: Մենք մի բանից ենք միայն վախենում՝ ապրել պատվազուրկ և անազատ: Մենք դա չենք կարող անել։ Փա՛ռք ձեզ, Հայրենիքի զինվորներ, փա՛ռք մեր ընկածներին, փա՛ռք մեր զորքին», – ասել է նա։

«Ես մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մենք բոլորս միասին, յուրաքանչյուրս մեր տեղում կատարելու ենք Հայրենիքի զինվորի պարտականությունները, իսկ այդ պարտականությունները սուրբ են: Անփորձանք ծառայություն, թեև պատերազմի ժամանակ այս բառերը մի տեսակ լուրջ չեն հնչում: Փա՛ռք ձեր ծնողներին, փա՛ռք այն ընտանիքներին, որտեղ դուք ծնվել ու դաստիարակվել եք, փա՛ռք ձեր ուսուցիչներին: Շնորհակալ եմ»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայկական երկու հանրապետությունների նախագահներն այնուհետև այցելել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ բուժում է ստանում Արիության մեդալով պարգևատրված ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վրեժ Վալերիի Բզնունին: ՀՀ նախագահը զինծառայողին հանձնել է պետական բարձր պարգևը, շնորհակալություն հայտնել և մաղթել նրան շուտափույթ ապաքինում:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը զինվորական հոսպիտալում այցելել են նաև բուժում ստացող մյուս զինծառայողներին:

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատտրանսպորտայինմիջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ -0-