Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

ՀՀ նախագահը քվեարկեց «հանուն լավ Երևանի»

14.05.2017, 13:04
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ քվեարկեց Ավագանու ընտրություններում։
ՀՀ նախագահը քվեարկեց «հանուն լավ Երևանի»

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ քվեարկեց Ավագանու ընտրություններում։

«Քվեարկեցի հանուն լավ Երևանի», – ասաց Սարգսյանը` կատարելով իր քաղաքացիական պարտքը։ 

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ի՞նչ կփոխվի Երևանում, եթե քաղաքապետի պաշտոնում վերընտրվի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը` ՀՀ նախագահը վստահությամբ նշեց, որ «Երևանը կդառնա ավելի լավը»։

Հիշեցնենք, որ քվեարկությունը կտևի մինչև երեկոյան 20:00: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ելք» ընդդիմադիր դաշինքը և «Երկիր ծիրանի» ընդդիմադիր կուսակցությունը:

Ավագանու ընտրություններում ՀՀԿ–ի համամասնական ցուցակը գլխավորում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանին»` նրա հիմնադիր Զարուհի Փոստանջյանը։

«Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, Երևանի քաղաքապետին ընտրում է Ավագանու խորհուրդը, որը ձևավորվում է կուսակցական սկզբունքով` համաքաղաքային ընտրությունների հիման վրա, որոնք անցկացվում են քվեարկության համամասնական համակարգով։

Ըստ օրենսդրության, եթե ընտրությունների արդյունքում խորհրդում կուսակցություններից մեկը ստանում է 50%–ից ավել տեղեր, ապա այդ կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն համարվում է ընտրված քաղաքապետ։ Եթե թեկնածուն չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, հրաժարվում է քաղաքապետի պաշտոնից կամ կուսակցություններից ոչ մեկը չի ստանում 50%–ից ավել, ապա քաղաքապետն ընտրվում է Ավագանու խորհրդի անդամների գաղտնի քվեարկության միջոցով։ Երևանի Ավագանու խորհուրդն ընտրվում է չորս տարի ժամկետով և բաղկացած է 65 անդամից։

Ներկա խորհրդում ներառված է երեք խմբակցություն` ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և «Բարև, Երևան» ընդդիմադիր խմբակցությունը։ Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը զբաղեցնում է իր պաշտոնը 2011 թ.–ից։ –0–