ՀՀ նախագահը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն

ՀՀ նախագահը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, Սարգսյանը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին: Նա ընդգծել է, որ ուրախ է տոնի առիթով ևս մեկ անգամ կրկնելու՝ Հայաստանը հպարտ է բարեկամ Ֆրանսիայի հետ իր առանձնաշնորհյալ հարաբերություններով:

ՀՀ Նախագահը միջպետական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում կարևորել ու բարձր է գնահատել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աշխատանքը և դիվանագիտական ներկայացուցչությանը մաղթել նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների:

Դեսպան Շարպանտիեն շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ դեսպանություն այցելության, ջերմ շնորհավորանքի, բարեմաղթանքների, ինչպես նաև դեսպանության գործունեությանը տված բարձր գնահատականի համար և նշել, որ իր ու դեսպանության բոլոր աշխատակիցների համար մեծ պատիվ և պատասխանատվություն է ամենօրյա աշխատանքով ավելի խորացնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև դարավոր բարեկամությունը, որը, դեսպանի համոզմամբ, մշտական հոգածություն է պահանջում, նշվում է հաղորդագչության մեջ:

Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին:

«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ:
Մեր երկու բարեկամ երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և փոխվստահության մթնոլորտը կայուն հիմք են հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա համակողմանի զարգացման և խորացման համար: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել Հայաստանը և Ֆրանսիան միավորող կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ մեր ժողովուրդների», - մեջբերվում է Սարգսյանի խոսքերը հաղորդակության մեջ։ 

Նախագահը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում Ֆրանսիայի նախագահի անձնական հետևողականությունը Հայոց ցեղասպանության ժխտումն օրենքի ուժով դատապարտելու հարցում, ինչը մեկ անգամ ևս ընդգծում է Ֆրանսիայի և անձամբ Օլանդի հավատարմությունը համամարդկային արժեքներին, մասնավորապես՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային պայքարին։

«Մենք մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ համատեղ ներգրավվածությունն ու ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության: Մեկ անգամ ևս շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ամենայն բարիք, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին` հետագա առաջընթաց և բարօրություն»,- ասել է ՀՀ նախագահն իր շնորհավորական ուղերձում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:24 14.07.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×