ՀՀ վարչապետը հանրահավաք է կազմակերպում` նշելու իր վարչապետության 100 օրը
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել օգոստոսի 17–ին ժամը 18։30–ին հավաքվել Հանրապետության հրապարակում` հանրահավաքի։
«Ֆորմալ պատճառն իմ վարչապետ ընտրվելու 100 օրն է, իսկ իրականում պետք է քննարկել մեր երկրի ներկան ու ապագան, որը փայլուն է լինելու», – ասաց Փաշինյանը Facebook–յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ։
«Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես Ձեզ շատ եմ կարոտել, ուզում եմ, որ մենք նորից շփվելու հնարավորություն ունենանք,- նշել է նա` ավելացնելով, որ ցանկանում է հանրահավաքի միջոցով կարևոր խոսակցություն ունենալ այն մասին, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ է տեղի ունեցել վերջին 100 օրվա ընթացքում, և ինչ է տեղի ունենալու հետո։
«Ինչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը Հայաստանում թռիչքաձև զարգացում ապահովելու համար, և կոնկրետ ինչ քայլերով ենք մենք պատրաստվում առաջիկայում այդ զարգացումն ապահովել, ինչ զարգացումներ, ինչ մարտահրավերներ կան, և ինչպես ենք մենք կարողանալու այդ ամենի հետ գործ ունենալ, այդ բոլոր հնարավորություններն օգտագործել, մարտահրավերները կառավարել, և ընդհանրապես խոսել այսօրվա Հայաստանի, երեկվա և վաղվա Հայաստանի մասին։ Դա շատ կարևոր է», – ասել է ՀՀ վարչապետը`ընդգծելով, որ իր համար կարևոր է յուրաքանչյուրի մասնակցությունը։–0–