Հայաստանում մեկնարկեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում այսօր` նոյեմբերի 26–ին, մեկնարկեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։
ԿԸՀ–ի հաղորդմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր է ներկայացրել 11 քաղաքական կուսակցություն և դաշինք` «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունները, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Մենք» կուսակցական դաշինքը, ՀՅԴ–ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը։
Բոլոր կուսակցություններն ու դաշինքներն ակտիվորեն մասնակցելու են նախընտրական քարոզարշավին։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին ախընտրական քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ կոչով դիմել է հայաստանցիներին։ Նա նշել է, որ այս ընտրություններն ապրիլ-մայիսյան մեծ փոփոխություններից հետո Հայաստանի քաղաքական կյանքի կարևորագույն իրադարձությունն են, որի արդյունքները շատ էական են երկրի զարգացման և հեռանկարների առումով: Սարգսյանը կոչ է արել յուրաքանչյուր քաղաքացու դրսևորել բարձր պատասխանատվություն և գիտակցություն՝ անկախ պաշտոնից և հնարավորություններից:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ այսօրվանից արձակուրդ է վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար։
Նախընտրական քարոզարշավը կտևի մինչև դեկտեմբերի 7–ը ներառյալ։ Ընտրություններից մեկ օր առաջ` դեկտեմբերի 8–ին, հանրապետությունում կհայտարարվի լռության օր։–0–