Рейтинг@Mail.ru
USD
365.88
EUR
422.81
RUB
4.4354
GEL
139.71
2026 թ. օգոստոսի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Հայկ Մարության. պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ` Երևանը մեր երազանքների քաղաքը դարձնելու համար

24.09.2018, 15:05
Հայկ Մարությանը նշել է, որ պատրաստ է ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել Երևանը երազանքների քաղաք դարձնելու համար։
Հայկ Մարության. պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ` Երևանը մեր  երազանքների քաղաքը դարձնելու համար

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Հայկ Մարությանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` նշելով, որ պատրաստ է ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել Երևանը երազանքների քաղաք դարձնելու համար։

Կիրակի կայացած ընտրություններն անցկացվել են 475 ընտրատեղամասերում։ Ընտրություններին մասնակցել է 12 քաղաքական ուժ։ Երկուշաբթի հրապարակված ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, ամենից շատ ձայներ ստացել է «Իմ քայլը» դաշինքը (ցուցակի առաջին տեղում Հայկ Մարությանն է)` 81,5%, ԲՀԿ–ն (Նաիրա Զոհրաբյան)` 6,95% և «Լույս» դաշինքը (Արտակ Զեյնալյան)` 4,99%։ Քվեարկության վերջնական արդյունքները կներկայացվեն սեպտեմբերի 30–ին։ «Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, եթե Ավագանու ընտրությունների արդյունքում կուսակցություններից մեկը ստանում է մանդատների ավելի քան 50%–ը, ապա այդ կուսակցության ցանկը գլխավորած թեկնածուն համարվում է ընտրված քաղաքապետ։

«Սիրելի հայրենակիցներ ջան, սիրելի երևանցիներ ջան, հարազատներ ջան: Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ: Սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է, որն ապացուցեց ամբողջ աշխարհին, որ միասնական և վճռական է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհին։ Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, երջանիկ եմ, որ ձեր մի մասնիկն եմ», – նշել է Մարությանը` շնորհակալություն հայտնելով վստահության համար:

«Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ , ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ, որպեսզի մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը» – եզրափակել է Հայկ Մարությանը։–0–