Հոկտեմբերին Երևանում տեղի կունենա ՀՀ-ԵՄ համաձայնագրի բանակցութունների հաջորդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին և ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը կարևորեցին հոկտեմբերի վերջին Երևանում նախատեսված բանակցութունների հաջորդ փուլի անցկացումը՝ նպատակ ունենալով գործընթացն ավարտել մոտ ապագայում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում կայացած հանդիպման ժամանակ, զրուցակիցներն անդրադարձան ս.թ. սեպտեմբերի 19-ին Բրյուսելում կայացած ՀՀ֊ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի միջանկյալ բանակցություններին՝ երկուստեք գոհունակություն հայտնելով դրանց արդյունավետ ընթացքի կապակցությամբ:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին քաղաքական երկխոսության, ոլորտային համագործակցության և առևտրային հարցերի ուղղություններով ընթացող բանակցությունների շուրջ։
Մոգերինին հայտարարել է, որ Եվրոպական միությունը շարունակելու է սատարել ՀՀ-ում ընթացող բարեփոխումներին։
Մոգերինին ողջունեց նոր ընտրական օրենսգրքի շուրջ Հայաստանի իշխանությունների և խորհրդարանական ընդդիմության միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ նշելով, որ հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կարևոր քայլ էր։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Եվրամիության կողմից Հայաստանին տարիներ շարունակ ցուցաբերվող օժանդակության համար։
Նախատեսվում էր, որ 2013 թ.–ի նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» վիլնյուսային գագաթնաժողովի շրջանակում Երևանը ԵՄ–ի հետ ասոցացման և ազատ առևտրի գոտու համաձայնագիր կստորագրի։ Սակայն 2013 թ.–ի սեպտեմբերին Հայաստանը հայտարարեց, որ մտադիր է դառնալ ՄՄ անդամ և մասնակցել Եվրասիական տնտեսական միության հետագա կազմավորմանը։ Հայաստանը 2015 թ.–ի հունվարի 2–ին դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ:
Այդուհանդերձ, ԵՄ Խորհուրդը 2015 թ.-ի հոկտեմբերին Լյուքսեմբուրգում կայացած արտաքին գործերի նախարարների նիստի ժամանակ լիազորեց Եվրախորհրդարանին Հայաստանի հետ նոր համապարփակ համաձայնագիր ստորագրել, որը կփոխարինի ԵՄ-ի և հանրապետության միջև համագործակցության և գործընկերության ներկայիս համաձայանգիրը: -0-