Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերություններ Հայաստանի հետ
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերություններ Հայաստանի հետ, նշել է պաշտոնական այցով Երևան ժամանած Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին հուլիսի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպման ընթացքում։
Ինչպես հաղորդում է ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը, նախարար Նալբանդյանը ողջունելով հյուրին՝ կարևորել է Իսրայելի նախարարի այցը Հայաստան, ընդգծելով, որ հայ և հրեա ժողովուրդների միջև հարաբերությունները պատմական խորն արմատներ ունեն, ինչը լավ հիմք է ստեղծում միջպետական համագործակցության զարգացման համար։
Հանդիպմանը զրուցակցիները հանգամանալից անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգի տարբեր հարցերի, քննարկել են հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրներ։
Նախարարները գոհունակությամբ արձանագրել են հասարակական մակարդակով հայ-իսրայելական շփումների ակտիվացումը՝ ընդգծելով, որ դրանք նպաստում են միջպետական հարաբերությունների ամրապնդմանը։
Էդվարդ Նալաբանդյանը և Ցախի Հանեգբին կարևորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացումը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացումը, միջխորհրդարանական փոխանակումների ակտիվացումը։
Բանակցությունների օրակարգում էին առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված քայլերը, երկուստեք կարևորվել են զբոսաշրջության ներուժի լիարժեք օգտագործումը։
Զրույցի ընթացքում քննարկվել են մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:
Նախարար Ցախի Հանեգբին ներկայացրել է Իսրայելի մոտեցումները տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Հյուրի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերին:
Հանդիպումից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողությունը, որի ժամանակ Հայաստանի արտգործնախարարն ու Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իսրայելի Պետության Կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին» համաձայնագիրը և «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իսրայելի Պետության Կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան։
Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու Ցախի Հանեգբին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իսրայելի Պետության Կառավարության միջև Մշակույթի, Կրթության և Գիտության, Սպորտի և Երիտասարդության ոլորտներում 2017-2020թթ. համագործակցության մասին» ծրագիրը։-0-