Փաշինյանը խոսել է իր առաջին քայլերի մասին վարչապետ ընտրվելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./ԱՌԿԱ/. Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը խոսել է իր առաջին քայլերի մասին վարչապետ ընտրվելու դեպքում։
«Առաջին քայլերը պետք է ուղղված լինեն կուտակված խնդիրների լուծմանը։ Քանի որ մենք ժամանակի խնդիր ունենք, պետք է առաջին օրվանից սկսենք հիմքեր ձևավորել ազատ, արդար և օրինական ընտրություններ անցկացնելու համար», – ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, այս պահին կարևոր խնդիրներից է նաև հանգիստ աշխատանքային մթնոլորտի ստեղծումը, որի դեպքում հաշվի կառնվեն տարբեր կարծիքներ։
Նա նաև նշեց, որ վաղաժամ է խոսել ինչպես կառավարության կազմի, այնպես էլ ծրագրի մասին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում։
«Հիմա ես դեռ վարչապետի թեկնածու եմ։ Երբ դառնամ վարչապետ, այդ ժամանակ էլ կսկսենք լուծել կառավարության կազմի հարցը։ Պետք է քննարկենք հարցերը հերթականությամբ։ Այժմ պետք է քննարկենք վարչապետի ընտրության հարցը, ինչից հետո կանցնենք մյուս հարցերին», – ասաց Փաշինյանը։
Նա խոստացավ ընտրվելու դեպքում երաշխավորել օրինականության պահպանումը։
Ապրիլի 13–ից հանրապետությունում իրականացվող բողոքի մասշտաբային ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Ապրիլի 25–ին հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջարկվեց որպես վարչապետի թեկնածու։
Ապրիլի 28–ին ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ–ն թեկնածու չի առաջադրի վարչապետի ընտրություններում։ Նույն օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Ծառուկյան» խորհրդարանական դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքը կաջակցի ժողովրդի թեկնածուին վարչապետի ընտրություններում։ ՀՅԴ–ն ևս որոշում է ընդունել աջակցել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։–0–