Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Թուրքիայի վարչապետն անհեթեթ է համարում Բունդեսթագում 1915 թ.–ի Հայոց ցեղասպանության բանաձևի շուրջ քվեարկությունը

01.06.2016, 15:01
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կարծում է, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի շուրջ կազմակերպվող քվեարկությունն անհեթեթություն է։
Թուրքիայի վարչապետն անհեթեթ  է համարում Բունդեսթագում 1915 թ.–ի Հայոց ցեղասպանության բանաձևի շուրջ քվեարկությունը

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կարծում է, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի շուրջ կազմակերպվող քվեարկությունն անհեթեթություն է։

Մայիսի 16–ին Բունդեսթագի քննարկմանն է ներկայացվել բանաձև, որը կոչ է անում ճանաչել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Բունդեսթագը փաստաթուղթը կքննարկի հունիսի 2–ին։ 

«Մեր կարծիքով` այս քվեարկությունն անհեթեթ է ու անհիմն։ Այդ իրադարձությունները տեղի են ունեցել Առաջին աշխարհամարտի տարիներին...Գիտենք, որ Թուրքիային մեղադրողները չեն հետապնդում բարի նպատակներ։ Բաց և հստակ հայտարարում ենք ողջ աշխարհին, որ մենք որևէ բան չունենք թաքցնելու, թող կազմակերպվեն համակողմանի հետազոտություններ։ Թող բացահայտվեն յուրաքանչյուր կողմի սխալները։ Սակայն դա պետք է անեն պատմաբանները։ Սխալ է պատմական թեման վերածել քաղաքականության», – չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է Յըլդըրըմը։

Նա նշել է, որ եթե Բունդեսթագն ընդունի Հայոց ցեղասպանության օրինագիծը, Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները կփչանան։ «Դա անկասկած է, սակայն մենք դա չենք ուզում», – նշել է Թուրքիայի վարչապետը։

Նա հույս է հայտնել, որ Բունդեսթագը քվեարկության դեպքում հաշվի կառնի 3,5 մլն էթնիկ թուրքերի կարծիքը, ովքեր ունեն Գերմանիայի քաղաքացիություն, գրում է ՌԻԱ Նովոստին։

Սակայն ի՞նչ տեղի կունենա որոշման ընդունման դեպքում։ Ոչինչ։ Նախկինում նման որոշումներ ընդունվել են մի շարք երկրներում։ Մեզ համար դա օրինական ուժ չունեցող գործողություն է։ Սակայն մենք, ամեն դեպքում, անիմաստ որոշումների ընդունման կողմնակից չենք», – ավելացրել է Յըլդըրըմը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-