Երևանում կքննարկվեն Արցախը բանակցային սեղան վերադարձնելու տարբերակները
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովն առաջիկայում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ լսումներ է կազմակերպելու: Իսկ քննարկվելիք հիմնական թեման, ինչպես պնդում են մեր աղբյուրները, վերաբերելու է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու տարբերակներին, գրում է «Ժողովուրդ» թերթը:
Լսումներն էլ տեղի են ունենալու Երևանում, բայց նաև հրավիրվածներ են լինելու Արցախից, այնտեղի խորհրդարանից: ԱԺ այս հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, ընդամենը հայտարարեց. «no comment»:
Հարցրինք. «Հերքո՞ւմ եք, որ նման բան է լինելու»: Ի պատասխան` Քոչարյանն ասաց. «Ամեն ինչ մտածվում է` մեր երկրի շահերից ելնելով և մեր երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու, ամրացնելու համար: Ամեն բան այդ ուղղությամբ արվում է»:-0-