Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Հայաստանը հաստատում է բարեփոխումների գործընթացը շարունակելու հանձնառությունը. նախագահ

21.10.2013, 18:07
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի` մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա պետության և հասարակության արդիականացմանն ուղղված բարեփոխումների գործընթացը շարունակելու և էլ ավելի խորացնելու հանձնառությունը, հայտնում են պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հայաստանը հաստատում է բարեփոխումների գործընթացը շարունակելու հանձնառությունը. նախագահ
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի` մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա պետության և հասարակության արդիականացմանն ուղղված բարեփոխումների գործընթացը շարունակելու և էլ ավելի խորացնելու հանձնառությունը, հայտնում են պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Յագլանդը Հայաստան է ժամանել ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում հոկտեմբերի 21-22-ը Երևանում անցկացվող «Պայքար Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողովին մասնակցելու նպատակով:

Սերժ Սարգսյանը կարևորել է խորհրդաժողովի անցկացումը Երևանում և պարոն Յագլանդի մասնակցությունը հիշյալ միջոցառմանը: Նախագահը երևանյան խորհրդաժողովը համարել է ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության առանցքային միջոցառումներից մեկը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղարին՝ ինչպես երևանյան խորհրդաժողովին, այնպես էլ նախարարների խորհրդում Հայաստանի նախագահությանը մշտապես աջակցելու համար:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհուրդը, մասնավորապես՝ Վենետիկի հանձնաժողովն իր աջակցությունը կբերի ՀՀ Սահմանադրության բարեփոխումների գործընթացին:

ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ երևանյան խորհրդաժողովի թեման իր համար չափազանց կարևոր և առաջնային նշանակություն ունի և հույս է հայտնել, որ այն արդյունավետ կլինի:

ՀՀ նախագահը և ԵԽ գլխավոր քարտուղարը զրուցել են ԵԽ օրակարգի, Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման, տարածաշրջանային խնդիրների, Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների ընթացքի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում նախագահությունը Հայաստանին է անցել 2013 թվականի մայիսի 16–ին և կշարունակվի մինչև նոյեմբերի 13–ը։ -0-