Հայտնի է` որտեղ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ-ի գործող նախագահի միջնորդությամբ Բրատիսլավայում մոտ ժամանակներս կանցնի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը.
«Ես ակնկալում եմ հյուրընկալել երկու արտգործնախարարներին մոտ ժամանակներս Բրատիսլավայում», - ասել է նա:
Գործող նախագահի խոսքով, նա բարձր է գնահատում նաև Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից գործադրված ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ. «Այս տարվա ընթացքում մենք դրական նշաններ ենք տեսել, առաջնորդների երկխոսություն, ինչպես նաև երկխոսություն նախարարների մակարդակով: Միաժամանակ, գրանցվել են նաև մտահոգիչ դրվագներ շփման գծում որոնք հանգեցրեցին մարդկային կորուստների: Սակայն, այժմ իրավիճակը կարծես կայուն է»:
Իր կողմից, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերն «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ընդգծել է, որ միջնորդներն ի դեմս Մինսկի խմբի համանախագահների շարունակում են ակտիվ ներգրավված լինել բանակցություններում: Լուրջ առաջընթացը սակայն հնարավոր է գրանցել առաջին հերթին պետությունների ղեկավարների քաղաքական որոշման դեպքում.
«Անշուշտ, այն դրական տրամադրությունը, դրական դինամիկան, որը մենք տեսանք սեպտեմբերին Դուշանբեում հանդիպման շրջանակներում, դեռեւս չի վերափոխվել իրական առաջընթացի հակամարտության կարգավորման ուղղությամբ»:-0-