Рейтинг@Mail.ru
USD
377.31
EUR
436.81
RUB
4.7767
GEL
138.21
2026 թ. մարտի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Միայն վերջին օրերին ՀՀ ԶՈւ–ն ստիպված է եղել խոցել 3 ադրբեջանցի զինվորի. ՀՀ վարչապետ

17.09.2018, 11:11
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ միայն վերջին օրերին ՀՀ ԶՈւ–ն ստիպված է եղել խոցել 3 ադրբեջանցի զինվորի։
Միայն վերջին օրերին ՀՀ ԶՈւ–ն ստիպված է եղել խոցել 3 ադրբեջանցի զինվորի. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ միայն վերջին օրերին ՀՀ ԶՈւ–ն ստիպված է եղել խոցել 3 ադրբեջանցի զինվորի։ 

«Ու սա ոչ թե նրա համար, որ դա մեզ դուր էր գալիս, այլ որովհետև Ադրբեջանի զինվորները կրակում էին մեր բնակավայրերի՝ Բաղանիսի, Կոթիի, Չինարիի ուղղությամբ։ Եվ նրանց լռեցնելն իրավիճակը հանդարտացնելու միակ տարբերակն էր», – նշել է վարչապետը։ 

Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, վերջին շրջանում Ադրբեջանը սկսել է ավելի ակտիվ կրակել Հայաստանի բնակավայրերի ուղղությամբ, գնդակոծվել են Բաղանիս, Կոթի, Չինարի, Վազաշեն գյուղերն ու Ոսկեպատ–Բաղանիս ճանապարհահատվածը։ Նա նաև նշել է, որ զորքին հրաման է տրվել ձեռնպահ մնալ բնակավայրերի ուղղությամբ կրակելուց և կրակ բացել միայն հակառակորդի կրակակետերի ուղղությամբ, իսկ սպառնալիքի աճի դեպքում կտրվեն համապատասխան հրահանգներ։

ՀՀ վարչապետը նշել է նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին մեկնել է բանակ։ 

«Սա շատ կարևոր իրադարձություն է, որովհետև ինչքան էլ փակ լինի այնտեղ մամուլն ու վերահսկվեն սոցցանցերը, այնուամենայնիվ Ադրբեջանի ժողովուրդը հարցնում է իր նախագահին՝ ինչու՞ է ծառայում Հայաստանի վարչապետի որդին ու չի ծառայում քոնը: Սա այսպես է, քանի որ Ադրբեջանի ժողովուրդը հասկանում է, որ Ալիևի համար միևնույն է, որ կզոհվեն այլոց որդիները», – ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով, հիմա Ադրբեջանի ժողովուրդը պետք է պահանջի, որ Ալիևի որդին ևս ծառայի առաջնագծում։

«Տեսնենք այս պարագայում կշարունակվի՞ Բաքվի լկտի պահվածքը: Ալիևին չի հետաքրիքրում իր զինվորի կյանքը, նրան հետաքրքիր են միայն իր միլիարդները, իր թալանածը պաշտպանելն ու թալանելը», – նշել է ՀՀ վարչապետը։

Միաժամանակ նա հայտարարել է, որ որևէ ադրբեջանցի մայր, ծնող մեզ չի կարող մեղադրել որևւէ բանում, «որովհետև մենք կրակային գործողությունների ենք դիմում, երբ այլևս հնարավոր չէ զսպել հակառակորդի կրակը»։

«Եթե ես որևէ զինվորի ուղարկեմ դեպի կռվի, առաջինն իմ որդուն եմ ուղարկելու: Թող Ալիևն իր որդուն ուղարկի սահմանի հակառակ կողմը, ճիշտ այն կողմը, որտեղ նաև իմ որդին է ծառայում: Տեսնենք էդ ժամանակ ինչպե՞ս կսրեն իրավիճակը»,- ասել է վարչապետը:–0–