Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

ՀՀ նախագահը կարևորում է ԱՊՀ շրջանակներում համագործակցության խորացումը անվտանգության ապահովման հարցերում

17.10.2013, 19:53
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշել է  ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում անվտանգության ապահովման արդիականությունն ու առաջնահերթությունը` ընդգծելով այդ ուղղությամբ ԱՊՀ շրջանակներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
ՀՀ նախագահը կարևորում է ԱՊՀ շրջանակներում համագործակցության խորացումը անվտանգության ապահովման հարցերում
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշել է  ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում անվտանգության ապահովման արդիականությունն ու առաջնահերթությունը` ընդգծելով այդ ուղղությամբ ԱՊՀ շրջանակներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Սարգսյանը կարևորել է Հայաստանում արդեն 4-րդ անգամ անցկացվող անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի աշխատանքը։

ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 35–րդ նիստն անցկացվել է հոկտեմբերի 15–17–ը Ծաղկաձորում։ Նիստին մասնակցել են ԱՊՀ բոլոր մասնակից պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, բացի Ադրբեջանից։ Որպես դիտորդ հրավիրվել են նաև արևմտյան որոշ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա)։

Նախագահի խոսքերով` բոլոր ժամանակներում անվտանգությանն սպառնացող դրսևորումների դեմ պայքարի հարցերը մշտապես եղել են պետությունների ուշադրության կենտրոնում, և այդ առումով նման կառույցների աշխատանքը մշտապես արդիական ու չափազանց կարևոր է:
Սարգսյանի կարծիքով` ինչպես այս, այնպես էլ տարբեր ոլորտներում երկրների միջև համագործակցությունն զգալիորեն նպաստում է նաև միջպետական կապերի սերտացմանն ու ժողովուրդների միջև բարեկամության առավել ամրապնդմանը:

Հանդիպմանը հյուրերը նախագահին ներկայացրել են խորհրդի ծաղկաձորյան նիստում քննարկված հարցերն ու կայացված որոշումները:
Խորհրդի նախագահ, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի աշխատանքը ինչպես նախորդ նիստերի ժամանակ, այնպես էլ Ծաղկաձորում արդյունավետ է համարել` նշելով, որ ժամանակակից աշխարհում անվտանգությանն սպառնացող արդի մարտահրավերների՝ ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության և բազմաթիվ այլ վտանգավոր երևույթների դեմ պայքարում փոխգործակցությունը խորհրդի շրջանակներում դինամիկ զարգանում է:

Բորտնիկովը կարևորել է նաև երկրների միջև փորձի փոխանակումը, ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղությամբ իրականացվող աշխատանքը:

Հանդիպման ավարտին նախագահը հաջողություններ է մաղթել խորհրդին հետագա աշխատանքում

Անվտանգության մարմինների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի 1997 թ.–ի մարտի 28–ի որոշմամբ` անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների փոխգործակցության և գործողությունների համակարգման նպատակով։
Հայաստանի տարածքում խորհրդի նիստն անցկացվում է չորրորդ անգամ 1998, 2003, 2008 թվականներից հետո։–0–