Նախագահի աշխատակազմը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ստեղծված իրավիճակում նախագահի միջամտության անհրաժեշտությունը
ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Աստանայում նոյեմբերի 8-ին քննարկել են նոր գլխավոր քարտուղարի հարցը: Հիշեցնենք, որ այդ հարցը արդիական է դարձել հոկտեմբերի 30-ին Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին այդ պաշտոնից ազատելուց հետո: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կորոշվի դեկտեմբերի 6-ին կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ, որը կկայանա Սանկտ Պետերբուրգում, մինչ այդ ժամանակավոր պաշտոնակատար է մնում Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:
Հայաստանի և ՀԱՊԿ երկրների հարաբերություններում լարվածություն առաջացավ այն բանից հետո, երբ Հայաստանը նախաձեռնեց և հոկտեմբերի 30–ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչեց Յուրի Խաչատուրովին` նախօրոք չհամաձայնեցնելով այդ ընթացակարգերը կազմակերրպության մյուս գործընկերների հետ։
«Հանրապետության նախագահն իր գործունեությունն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների ու գործառույթների շրջանակում։ Նույն փաստաթղթով արտաքին քաղաքականության իրականացումը վերապահված է Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Այդուհանդերձ, անհրաժեշտության դեպքում նախագահ Արմեն Սարգսյանն օգտագործում է իր փորձը և անձնական կապերն արտաքին քաղաքական խնդիրների լուծմանը նպաստելու համար: Իսկ այդ անհրաժեշտությունը ձևավորվում է նախագահի և վարչապետի միջև քննարկումների միջոցով», – նշվում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ։–0–