Рейтинг@Mail.ru
USD
361.93
EUR
405.58
RUB
4.2677
GEL
139.12
2026 թ. հոկտեմբերի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+14

Փաշինյանը և իր քաղաքական թիմը իրենց վրա են վերցրել ամբողջ պատասխանատվությունը երկրում հետագա զարգացումների համար. Բորիս Նավասարդյան

21.05.2019, 15:20
Ըստ նրա, այլևս չի ստացվելու որևէ կառույցի, կամ քաղաքական ուժի հետ կիսել, կամ նրանց վրա դնել պատասխանատվությունը թերացումների համար:
Փաշինյանը և իր քաղաքական թիմը իրենց վրա են վերցրել ամբողջ պատասխանատվությունը երկրում հետագա զարգացումների համար. Բորիս Նավասարդյան

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. Այսօրվանից Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական թիմը իրենց վրա են վերցրել ամբողջ պատասխանատվությունը երկրում հետագա զարգացումների համար: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

«Իրենցից է կախված լինելու, կկարողանան այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կարժանանան լայն հանրության հավանությանը, թե կխորացնեն դժգոհությունները», - նշել է նա:

Ըստ նրա, այլեւս չի ստացվելու որևէ կառույցի, կամ քաղաքական ուժի հետ կիսել, կամ նրանց վրա դնել պատասխանատվությունը թերացումների համար:

«Քաղաքական անզիճում հակառակորդներից բացի այլևս չկա վարչապետի քաղաքական կամքին բաց և արդյունավետ դիմադրություն ցուցաբերող որևէ սուբյեկտ», - նշել է Նավասարդյանը: 

Նա ավելացրել է, որ հեղափոխական դիկտատուրայի այլընտրանքը Հայաստանում չկայացավ: «Որպեսզի հեղափոխական դիկտատուրան չվերացվի սովորական դիկտատուրայի, կամ ամբողջությամբ չձախողվի, իշխանությունները պետք է կարողանան բարեփոխումների գործընթացում ներառել բոլոր առողջ ու կարող մարդկային ռեսուրսները, ինչպես նաև միջազգային համագործակցության հնարավորությունները: Վերջիններս էլ չունեն ազնիվ այլընտրանք, քան ընդունել կառուցողական համագործակցության հրավերը», - նշել է նա:

Նա մեկնաբանել է նաև արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունը, որով նա նախագահ Արմեն Սարգսյանին փաստորեն առաջարկել է անմիջապես վերցնել երկրի կառավարման ղեկը և դժգոհել է վերջինիս մերժումից, վկայում է նախկինների մոտ իշխանափոխության օրակարգի արդիական դառնալու մասին:

Նա հարցրել է, արդյո՞ք, եթե այս պահին առավել լեգիտիմ տարբերակը չաշխատեց, ապա այլ ճանապարհները առայժմ չեն դիտարկվում: «Եթե այո, ե՞րբ և ինչպիսի՞ պայմաններում կարելի է սպասել հաջորդ փորձը: Եվ եթե ոչ, ո՞րն է մոտակա ժամանակ իրենց համար առավել գերադասելի երկրորդ սցենարը», - գրել է Նավասարդյանը:-0-