Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

ՄՄ անդամակցությունից ակնկալվող տնտեսական շահերի հարցում Ռոբերտ Քոչարյանը չի կիսում իշխանությունների լավատեսությունը

24.02.2014, 18:59
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ոչ պաշտոնական կայքում տեղադրած հարցազրույցում հայտարարել է, որ չի կիսում իշխանությունների լավատեսությունը Մաքսային միության անդամակցությունից ակնկալվող տնտեսական շահերի հարցում։
ՄՄ անդամակցությունից ակնկալվող տնտեսական շահերի հարցում Ռոբերտ Քոչարյանը չի կիսում իշխանությունների լավատեսությունը
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ոչ պաշտոնական կայքում տեղադրած հարցազրույցում հայտարարել է, որ չի կիսում իշխանությունների լավատեսությունը Մաքսային միության անդամակցությունից ակնկալվող տնտեսական շահերի հարցում։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Ավելի վաղ ծրագրվել էր, որ 2013 թվականի նոյեմբերին «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովում Հայաստանը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի, ինչը տեղի չունեցավ։

«Այս հարցում ես չեմ կիսում մեր պաշտոնատար անձանց լավատեսությունը, քանի որ տնտեսությունը իներցիոն բնույթ ունի, և կտրուկ շրջադարձերն այստեղ հակացուցված են: Մարդիկ տարիներով կառուցում են իրենց բիզնեսը գործող կանոնների տրամաբանությամբ, և այն վերահարմարեցնելու համար ժամանակ է հարկավոր: Ակնհայտ է, որ բիզնեսի որոշ տեսակներ կբարելավեն իրենց դիրքերը, որոշները կտուժեն, իսկ որոշները՝ ուղղակի կմեռնեն: Անհրաժեշտ է խորը և բիզնեսի համար բաց վերլուծություն ՄՄ երկրների շուկաների բոլոր ապրանքային խմբերի գծով՝ կանխատեսելու համար բոլոր հնարավոր հետևանքները: Գործարարներն ու ֆերմերները պետք է իմանան, թե որ ճյուղերում են իրենց դժվարություններ սպասում, և հակառակը՝ որում իրենք կարող են ավելացնել իրենց հնարավորությունները: Դա կօգնի նաև բանկերին ու վարկային կազմակերպություններին՝ ավելի արդյունավետ և փոքր ռիսկայնությամբ տնօրինել ֆինանսական ռեսուրսները»,- հայտարարել է Քոչարյանը։  

Նախկին նախագահն ասել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը, օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, երկար ժամանակ մաքսային քաղաքականության մեջ տարբեր մոտեցումներ էին իրականացնում, և այդ մոտեցումները երկրների մաքսային օրենսգրքերի հիմքը դարձան:

«Իսկ քանի որ Մաքսային Միության մոտեցումներում ընկած է ՌԴ մաքսային օրենսգիրքը, հարց է առաջանում, թե ի՞նչ խնդիր է լուծում Հայաստանն իր տնտեսության համար՝ բարձրացնելով մաքսատուրքերը ռուսաստանյան մակարդակի, և կհաջողի՞ արդյոք անցնցում վերափոխել իր մոտեցումները»,- նշել է նա։

Ըստ Քոչարյանի` ամենայն հավանականությամբ, Եվրամիությունը  Հայաստանի հետ առևտրում կվերանայի արտոնությունների համակարգը (GSP+), ինչի մասին արդեն ակնարկում են ԵՄ երկրների դեսպանները: Հարցեր կառաջանան նաև ԱՀԿ շրջանակներում արդեն պայմանավորված մաքսատուրքերի փոփոխության վերաբերյալ, ինչից դժվար թե հաջողվի խուսափել: Դա կբերի մեր ապրանքների նկատմամբ  պատասխան միջոցների կիրառմանը: Թե ինչպես դա կազդի Հայաստանի տնտեսության և մեր երկրի երկարաժամկետ ներդրումային գրավչության վրա՝ դժվար է գնահատել:

Մեկ այլ՝ արդեն բարձրաձայնված խնդիր.  ՄՄ շրջանակներից դուրս գտնվող երկրներից ներմուծվող ապրանքների գների բարձրացումը: Հաշվի առնելով սպառողական շուկայում այդպիսի ապրանքների գերակայությունն ու Հայաստանի առևտրային բալանսի դեֆիցիտի մակարդակը՝ խոսք է գնում բավականին էական ծավալների մասին: Այստեղ բանաձևը շատ պարզ է. բարձրացնում ես մաքսատուրքերը՝ բարձանում է նաև ապրանքի գինը խանութում:  Կամ էլ տեղի է ունենում այդ ապրանքների փոխարինումը համանման ապրանքներով՝ Մաքսային Միության անդամ երկրներից, եթե այդպիսիք այնտեղ արտադրվում են: Օրինակ, ասենք, Բելառուսի մսամթերքները և կաթնամթերքները  կարող են էժանանալ Հայաստանում, իսկ մեր գինին ու կոնյակը՝ Բելառուսում: Ինչպե՞ս կդիմանա այս մրցակցությանը մեր անասնապահությունը, ցույց կտա ժամանակը: Այլ երկրներից ներմուծվող  կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի ու մեքենաների զգալի մասը կթանկանա, եթե չլինեն համապատասխան բացառություններ: Այստեղ ամեն ինչ հնարավոր է հաշվարկել և կանխատեսել, և այդ հաշվարկները պետք է մատչելի լինեն հասարակությանը: Գների էական ավելացումը կարելի է զսպել միայն ներդնելով բացառությունների ծավալուն ցուցակ, ներդաշնակելով այն ԱՀԿ առջև Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակում մաքսային գանձումների աստիճանական նվազեցման հետ: Իսկ դա կախված է անցկացվելիք աշխատանքային բանակցությունների արդյունքներից՝ ՄՄ բոլոր երկրների հետ, որոնք էլ իրենց հերթին կներկայացնեն փոխադարձ պահանջներ: Դա շահերի համաձայնեցման աշխատատար գործընթաց է, և շտապողականությունը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների:

«Ես գիտակցաբար կանգ չեմ առնում այն բանի վրա, թե Հայաստանի համար ինչ վարկանիշային կորուստներով սկսվեց միացումը Մաքսային Միությանը՝ տարակուսանքի առիթ դառնալով մեր եվրոպացի գործընկերների համար: Դա այլևս չես շտկի»,– ասել է Քոչարյանը։ Ըստ նրա`  չարժեր գնալ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը ՎՈՒԱՄ-ի երկրների ընկերակցությամբ, այն էլ ակտիվ քարոզչությամբ. դա գործընթացին ավելորդ աշխարհաքաղաքական երանգ հաղորդեց: Ռուսաստանի արձագանքը միանգամայն կանխատեսելի էր:

«Այսպես թե այնպես՝ ունենք այն, ինչ ունենք: Ցանկալի է, որ անդամակցությունը Մաքսային Միությանը ընթանա հանգիստ, լինի նվազագույնս քաղաքականացված և առավելագույնս հաշվի առնելով երկրի տնտեսության երկարաժամկետ շահերը: Ցանկացած սխալ հաշվարկ բացասական հետևանքներ կունենա Հայաստանի բոլոր բնակիչների համար»–հայտարարել է Քոչարյանը։

Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։
ՀՀ կառավարությունը փետրվարի 3–ին հրապարակել է ՄՄ–ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը» հայերեն լեզվով։ Փաստաթուղթը, որը կոչվում է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույց», բաղկացած է 249 էջից և ներառում է 262 միջոցառում։–0–